ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրավոր դիմել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային գործընկերներին՝ ուշադրություն հրավիրելով Արցախում սկսված հումանիտար ճգնաժամի վրա, երբ Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնել գազատարի խափանումն ու բնակչությանն ապահովել գազով, Թովմասյանն այս խնդրի մասին հայտարարություն արեց հանձնաժողովի նիստում:
«Արցախում հումանիտար ճգնաժամը խորանում է: Մեկ շաբաթից ավել Արցախում գազ չկա: Ադրբեջանական ուժերն արգելում են ռուս խաղաղապահներին անգամ մոտենալ գազատարի պայթեցված հատվածին, և հնարավորություն չի տրվում նորոգել գազատարի այդ հատվածը: Դրա հետևանքով այսօր մենք Արցախում ունենք ինչպես տրանսպորտի հետ կապված խնդիր, այնպես էլ մի շարք արտադրություններում արդեն խնդիրներ կան, մարդիկ հացի արտադրության խնդիր ունեն իրենց երկրում: Սա շատ լուրջ ահազանգ է, որի առնչությամբ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք միջազգային գործընկերներին դիմել եմ տարբեր նամակներով և խնդրել եմ իրենց ուշադրությունն ու հրատապ արձագանքը Արցախում սկսված հումանիտար ճգնաժամի թեմայի վերաբերյալ»,-ասաց Թովմասյանը:
Ըստ պատգամավորի՝ եթե առաջիկայում այս տեմպերով շարունակվի, ապա նաև էլեկտրաէներգիայի ճգնաժամ է լինելու Արցախում, քանի որ գերծանրաբեռնված ռեժիմով է էլեկտրաէներգիան սպասարկվում, և այդ արտադրողականության ծավալները չեն կարող երկար ժամանակ ձգվել: Հետևաբար, նա չբացառեց, որ հետագայում Արցախում լինի նաև էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր:
«Այս առնչությամբ ուզում եմ ևս մեկ անգամ աշխարհում բոլորի ուշադրությունը հրավիրել Արցախում սկսված հումանիտար ճգնաժամի վրա»,-ասաց պատգամավորը: