Գրեթե մեկ շաբաթ է' Արցախի գրեթե բոլոր բնակավայրերը զրկված են գազից: Ադրբեջանի հսկողության տակ անցած Շուշի-Լիսագորի հատվածում վթարվել է Հայաստանից Արցախ գազ հասցնող մայր գազատարը, իսկ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մոտենալ ու վթարի վերացման աշխատանք կատարել, միայն պարբերաբար տեղեկություն է տարածվում, որ ընթանում են բանակցություններ: Գազատարի խնդրին, սակայն, օրերս ավելացել են նաև էլեկտրաէներգիայի պարբերական անջատումները:
Հայաստանի իշխանությունները, սակայն, առանձնապես մտահոգված չեն, որ սաստիկ սառնամանիքի, սահմանային ուժգնացող լարվածության պայմաններում արցախցիները հայտնվել են նաև էներգետիկ շրջափակման մեջ: Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ֆրանսիա՝ մասնակցելու հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված համաժողովի՝ ընդ որում վսեմաշուք այցի ընթացքում առանց որևէ շոշափելի արդյունքներ արձանագրելու: Դրանից հետո էլ ավելի կարևոր գործեր են ի հայտ գալիս, այն է՝ նոր նախագահի երդմնակալությունը, ներդրումային կոմիտեի անդրանիկ նիստը վարելը, Եղիշե Չարենցի տուն թանգարան այցելելը և այլն: Վարչապետը անգամ հասցրեց կրտսեր զավակների հետ այցելել Իջևան և երկու օր հանգիստը վայելել:
Հասկանալի է, որ ՔՊ-ականները չեն պատրաստվում մատը մատին խփել արցախցիների առջև ծառացած այս լրջագույն խնդիրը լուծելու համար: Իսկ ի՞նչ կարելի է ասել ՀՀ նախկին ղեկավարների, դիցուք՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին, ում խոսքերով իր սիրտը Արցախի համար մշտապես «ցավում» է: Քոչարյանը ամեն հարմար առիթով հայտարարում է, որ տարիների ընթացքում ձևավորված մտերիմ ընկերական հարաբերություններ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ընդգծում է, որ նման «բարեհոգության» Պուտինը ամեն քաղաքական գործչի չէ որ արժանացնում է, սակայն, արի ու տես, որ Քոչարյանը ևս չի շտապում գործի դնել այդ ընկերական կապերը և փորձել առնվազն այդ խողովակով օգնել Արցախին և արցախցիներին, չնայած գաղտնիք չէ, որ միջանձնային հարաբերությունները քաղաքականության մեջ անչափ կարևոր են և շատ հարցեր են լուծում: Փոխարենը' երկրորդ նախագահը զբաղված է ԱԺ խմբակցության պատգամավորների, քաղաքական ակտիվների հետ հանդիպումներով:
Այսպիսով հարց է առաջանում՝ ո՞վ ի վերջո կլուծի Արցախի վթարված գազատարի վերականգնման հարցը՝ ՀՀ գործո՞ղ, թե՞ նախկին ղեկավարությունը: Երկուսն էլ այս պահին չեն շտապում գործի դնել իրենց անձնական և քաղաքական կապիտալը, արցախցիներն էլ սպասում են՝ բախտի քմահաճույքին մատնված...