Աշխարհում ստեղծված իրավիճակում այն երկրները, որոնք որևէ սանկցիա չեն կիրառել ռուս-ուկրաինական պատերազմի կողմերից մեկի հանդեպ` ամեն ինչ անում են ՌԴ-ից և Ուկրաինայից քաղաքացիների հոսքը իրենց երկիր ուղղելու համար։ Առաջին հերթին դա արվում է Զբոսաշրջության կոմիտեների միջոցով։ Օրինակ` Վրացական Georgia.travel կայքը առաջարկում է ծանոթանալ այն ողջ գործիքակազմին, որն անհրաժեշտ է այս օրերին Վրաստան մեկնելու և այնտեղ ժամանակավոր կացություն հաստատելու համար։ Այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ է տանում Վրաստանի տուրիզմի ազգային ասոցիացիան։
 
Ղազախստանի տուրիզմի կոմիտեն նույնպես արագ է կողմնորոշվել և պոտենցիալ զբոսաշրջիկներին մանրանասն ներկայացրել է երկրի ինվեստիցիոն հնարավորությունները։
 
Ոխերիմ հարևան Ադրբեջանը նույնպես հետ չի մնում, azerbaijan.travel կայքում ներկայացված է ողջ թարմացվոզ ինֆորմացիան երկիր մուտք գործելու կանոնների մասին, ինչպես նաև առկա է հնարավորություն` անհատականացված կարգավորումների միջոցով գտնել անհրաժեշտ ողջ ինֆորմացիան։
 
Մտնելով մեր զբոսաշրջության կոմիտեի ֆեյսբուքյան էջ` կոգնիտիվ դիսոնանսի ես ենթարկվում, քանի որ հանդիպում ես ահա այպիսի հայտարարության` #ԳՈՐԾԿԱ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն փնտրում է Թվային մարքեթինգի խորհրդական։ Տպավորություն է որ ոչ թե տուրիզմի կոմիտեի էջ է, այլ օրինակ` Job.am-ը։ Այնուհետև մի քանի օր շարունակ արված փոստերը ավետում են, որ Մոսկվայում կացած ցուցահանդեսում մեր տաղավարը մեծ ուշադրություն է գրավել։ Եվ որպեսզի ասվածը ավելի համոզիչ հնչի, այդ մասին անգամ Հանրայինով են ռեպորտաժ պատրաստել։ Դրանից զատ մի քանի գրառում նվիրված է արկածային տուրիզմը զարկ տալուն, համաձայն ենք, հոյակապ նախաձեռնություն է, սակայն այսօր ՀՀ ժամանում են հիմնականում ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիներ, իսկ նրանց արկածներն ինչպես ասում են` հայրենիքում էլ էին հերիքում։ Այնպես չէ, որ մեր զբոսաշրջության կոմիտեն ոչինչ չի անում, անում է, սակայն ակնհայտ է որ այդ աշխատանքը ժամանակավրեպ է, կամ եթե կուզեք` ոչ արդիական և օրակարգային։ Այդ դեպքում` ո՞ւր են գնում բյուջեից ստացված միլիոնները, դրամաշնորհները, եթե հարկ եղած պահին երկրի Զբոսաշրջության կոմիտեն իր տեղում չէ...