Թեև Հայաստանի իշխանությունները բողոքում են բյուջեի սուղ միջոցներից և կրճատում կարևորագույն ոլորտների ֆինանսավորումը՝ վարչապետին և կառավարությանը առընթեր շարունակում են գործել և ֆինանսավորվել այնպիսի կառույցներ, որոնց ՕԳԳ-ն մոտ է զրոյի:
Պարապուրդի առումով ամենաաչքի ընկնող կառույցն, անշուշտ, Հանրային խորհուրդն է, որն այս պահին ղեկավարում է Արամ Սաֆարյանը, իսկ մինչ այդ՝ հեղափոխությունից հետո խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրել է Ստյոպա Սաֆարյանը: Այս կառույցի բուն գոյությունը քննադատվել էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կողմից, սակայն, գալով իշխանության նա ոչ միայն պահպանեց այն, այլ մի բան էլ ավելացրեց ֆինանսավորումը' հասցնելով տարեկան 12 միլիոն դրամի: Թե ինչ է քննարկվում, ինչ խորհուրդներ է տալիս այս խորհուրդը՝ հայտնի չէ, քանի որ չկա մի դեպք, որ ՀԽ-ն հանրային կարծիք ձևավորեր կամ ուսումնասիրեր հանրային կարծիքը և ներկայացներ կառավարությանը, ընդ որում՝ պահպանելով քաղաքական չեզոքություն, մինչդեռ հատկապես հետպատերազմյան Հայաստանում առկա են բազմաթիվ խնդիրներ և հարցեր, որոնք կարող էին և պետք է քննարկվեին այս հարթակում: Անգամ ՀԽ պաշտոնական կայքից երևում է, թե հանրային ինչպիսի ակտիվություն է դրսևորել սույն կառույցը. վերջին նորությունը կայքում տեղադրվել է այս տարվա ապրիլ ամսին:
Քչերը գիտեն, սակայն, Հայաստանում գործում է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե, որի ղեկավարն էլ Աշոտ Մարտիրոսյանն է: Իսկ քչերը գիտեն, որովհետև կոմիտեն գրեթե որևէ գործունեություն չի ծավալում, փոխարենը բյուջեից ստանում է կլորիկ գումարներ: 2021 թվականի բյուջեով այդ սուրբ գործին, այն է՝ Միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորմանը բյուջեից հատկացվել է 321,670.7 մլն դրամ: Բավական է նշել միայն, որ վերջին երկու տարվա ընթացքում տվյալ կառույցի գործունեության մասին չկա գեթ մեկ մամուլի հիշատակում, իսկ կառավարության նիստերին միջուկային անվտանգության հարցերը չեն բարձրացվում ընդհանրապես:
Պետական վերահսկողական ծառայությանը, որի ղեկավարը Տիգրան Ուլիխանյանն է, վերջին մեկ տարվա մեջ աչքի չի ընկել լուրջ կոռուպցիոն բացահայտումով՝ 2021 թվականի բյուջեով հատկացվել էր 755,179.0 մլն դրամ: Մինչդեռ այս կառույցի հետ հետհեղափոխական Հայաստանում Նիկոլ Փաշինյանը մեծ հույսեր էր կապում' հայտարարելով, որ ՊՎԾ-ն դառնալու է կոռուպցիայի ողնաշարը ջարդող կառույց: Մինչդեռ, այսօր արդեն պարզ է, որ Փաշինյանի անոնս արած բացահայտումներն այդպես էլ մնացին օդում: Մինչս օրս հայտնի չէ, թե ինչպիսի արդյունքներ են գրանցվել ոստիկանությունում, ԱԱԾ-ում, ՊՆ-ում և մի շարք այլ պետական կառույցներում՝ ՊՎԾ կատարած ուսումնասիրությունները:
Առանձնապես բուռն աշխատանքով աչքի չի ընկնում նաև սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը, մինչդեռ նույն 2021 թվականի բյուջեով ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավման նպատակով բյուջեից հատկացվել է 75,000.0 մլն. դրամ: Գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը նշանակվելուց հետո աչքի է ընկնում միայն իր բազմաթիվ և որպես կանոն՝ անարդյունավետ վոյաժներով, բացի այդ Սինանյանի գործունեության հետևանքով լուրջ վնաս է հասցվել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, այն պարզ պատճառով, որ Սփյուռքի հետ վերջինիս երկխոսությունը, մեղմ ասած, չստացվեց: Սինանյանը այնքան «լավ» է աշխատել Սփյուռքի հետ, որ օրինակ՝ հայազգի գործարար Նուբար Աֆեյանի կողմից ստեղծված Մոդեռնա պատվաստանյութի խմբաքանակը Հայաստանը որպես նվեր ստանում է Լիտվայի հանրապետությունից, ոչ թե հայազգի Աֆեյանի ընկերությունից, իսկ վերջին երկու տարվա թելեթոններն ընդհանրապես Հայաստան-Սփյուռք տապալված հարաբերությունների լակմուսի թուղթն են՝ ռեկորդային ցածր վստահության ֆոնին՝ ռեկորդային ցածր հավաքած գումարներով:
Քաղավիացիայի կոմիտեն, որը վերջին շրջանում պարապուրդի է մատնված և աչքի է ընկնում միայն մամուլում հայտնված սկանդալային տեղեկությունները հերքելով, այնուհետև' հաստատելով, հայրենի ավիացիայի զարգացման համար այս տարի բյուջեից ստացել էր 1,168,640.7 դրամ: Տաթևիկ Ռևազյանը՝ կամ ինչպես կասեր դասականը «սիրուն» աղջիկը, անչափ տգեղ է վարվում հայկական ավիացիայի հետ՝ ԵՄ սև ցուցակների, Ադրբեջանի համար Հայաստանի երկինքը բացելու, հայկական ավիաընկերություններին միջազգային լիցենզիաներից զրկելու ֆոնին, վերջինիս Հայաստան բերած լոուքոսթերները հպարտ քաղաքացիների աչքին նույնիսկ չեն էլ երևում, հատկապես, որ իրենք քաղաքացիները այսօր նույնպես ԵՄ սև ցուցակում են, պարզապես՝ կորոնացուցակում:
Ինչպես տեսնում ենք՝ կառավարության գոտիները ձգելու կոչը վերաբերվում է միայն հպարտ քաղաքացիներին, մինչդեռ նույն կառավարությանը առընթեր շարունակում են գործել և պետական բյուջեից միլիարդների ֆինանսավորում են ստանում կառույցներ, որոնց ամենօրյա աշխատանքի պտուղները որևէ կերպ չեն երևում, կատարած աշխատանքի ՕԳԳ-ն էլ գրեթե զրոյական է: