Թեև Հայաստանի իշխանությունները բողոքում են բյուջեի սուղ միջոցներից և կրճատում կարևորագույն ոլորտների ֆինանսավորումը՝ վարչապետին և կառավարությանը առընթեր շարունակում են գործել և ֆինանսավորվել այնպիսի կառույցներ, որոնց ՕԳԳ-ն մոտ է զրոյի:
Քչերը գիտեն, սակայն, Հայաստանում գործում է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե, որի ղեկավարն էլ մինչև վերջերս Աշոտ Մարտիրոսյանն էր, այժմ կոմիտեի ղեկավարի պաշտոնը դեռ թափուր է: Իսկ քչերը գիտեն, որովհետև կոմիտեն գրեթե որևէ գործունեություն չի ծավալում, փոխարենը՝ բյուջեից ստանում է կլորիկ գումարներ: 2021 թվականի բյուջեով այդ սուրբ գործին, այն է՝ Միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորմանը բյուջեից հատկացվել է 321,670.7 մլն դրամ: Բավական է նշել միայն, որ վերջին երկու տարվա ընթացքում տվյալ կառույցի գործունեության մասին չկա գեթ մեկ մամուլի հիշատակում, իսկ կառավարության նիստերին միջուկային անվտանգության հարցերը չեն բարձրացվում ընդհանրապես:
Թեև կոմիտեի պաշտոնական կայքում տեղադրված է վերջինիս գործունեության հաշվետվությունը, սակայն տեխնիկական, թե այլ պատճառներով դրանք ներբեռնելը անհնար է, հետևաբար ստացվում է՝ հաշվետվությունը կա, սակայն հանրությունը այս հաշվետվության հետ ծանոթանալու որևէ հնարավորություն չունի:
Այդ նույն պաշտոնական կայքի նորություններ բաժինը բացելուց տեսնում ենք, որ կոմիտեն այս տարվա ընթացքում բուռն աշխատանքով աչքի չի ընկել, ընդամենը երեք նորություն է հաջողվել առանձնացնել և հրամցնել հանրությանը։
Փոխարենը՝ կոմիտեն ակտիվ գնումների մեջ է եղել այս տարի: 519,000 դրամի գրենական պիտույք են ձեռք բերել, 250,000 ավտոմեքենաների պահպանման ծառայություններ, 66,278,016 դրամի փորձաքննական ծառայություններ, 300,000 դրամի ամբուլատոր բժշկական ծառայության մատուցում, 365,500 դրամի համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություններ:
Ավելին, կոմիտեի նախագահի պաշտոնը մինչ օրս թափուր է և չի նշանակվում այս կարևորագույն կառույցը ղեկավարող անձը, գուցե և նաև դրանով է պայմանավորված, որ անգամ հանրության գերակշիռ մասը տեղյակ չէ, որ Հայաստանում գործում է և բյուջեից ՝ ասել է թե՝ հարկատուների գրպանից, ֆինանսավորում ստացող նման կառույց կա...
Հ.Գ. Ստիպված ենք որպես նյութին կից լուսանկար տեղադրել կոմիտեի երկարամյա, սակայն նախկին ղեկավար Աշոտ Մարտիրոսյանի նկարով, քանի որ գործող նախագահ կոմիտեն չունի, իսկ տեղակալները նույնքան անհայտ են, որքան և ինքը՝ կոմիտեն։