Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններում Ծաղկաձորում հաղթանակ էր տարել ՔՊ-ն ներկայացնող Նարեկ Հարությունյանը: Վերջինս, հետ չմնալով ՔՊ-ական համայնքապետերի մոտ ընդունված ավանդույթից, խոստացել էր համայնքը վերածել զբոսաշրջության կենտրոնի, վերակառուցել ենթակառուցվածքները և ոչ ավել ոչ պակաս պատմական նոր ժամանակաշրջան բացել Ծաղկաձորի համար։

Ուշագրավն այնքան տված ճոխ խոստումները չեն, որքան հանգամանքը, որ ընտրվելուց հետո Նարեկ Հարությունյանը բառացիորեն կորավ հրապարակային քաղաքական կյանքից։ Համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը կիսվում է կառավարության գրառումներով, իսկ իր կողմից բնակիչներին հրավիրում է հավաքվել քաղաքի հրապարակում և վայելել ձմեռը։ Հարությունյանի անձնական ֆեյսբուքյան էջում ևս ոչ մի խոսք չկա վերջինիս բուռն գործունեության մասին․ երկու տրաֆարետային շնորհավորական տեքստեր և վերջ։

Համայնքապետարանի պաշտոնական կայքն իր հերթին հիշեցնում է կոմսոմոլի շրջանի պատի թերթ, որտեղ հիմնականում սպորտային և մշակութային ձեռքբերումների մասին հիշատակումներ են, որոնք, բնականաբար, ոչ քաղաքապետարանի, ոչ էլ նորընտիր համայնքապետի «շնորքը» չեն։

Տպավորություն է ստեղծվում, որ համայնքապետը զբաղված է այլ խնդիրներ լուծելով, և գուցե և այդ տպավորությունը այնքան էլ անհիմն չէ: Մամուլը գրել էր, որ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում ակտիվ դերակատարություն ունեցավ Ծաղկաձոր համայնքում և նրա սրտի թեկնածուն եղել է Ոսկան Եղիազարյանը: Մամուլի տեղեկությունների համաձայն էլ Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանն առաջիկայում նոր պաշտոնի առաջարկ կստանա, իսկ Ծաղկաձորը կղեկավարի ՔՊ-ական փոխքաղաքապետ Ոսկան Եղիազարյանը: Ինչպես ասում են՝ չկա ծուխ առանց կրակ: Գուցե սրանով է պայմանավորված Հարությունյանի պասիվությունը, սակայն փաստ է, որ նախընտրական խոստումների կատարման մասով ՔՊ-ական համայնքապետը դեռևս լրջորեն կաղում է...