Դեկտեմբերի սկզբին ՀՀ մի շարք համայնքներում, այդ թվում' Ծաղկաձոր խոշորացված համայնքում տեղի էին ունեցել ՏԻՄ ընտրություններ։ Ծազկաձորում ձայների 70%-ով համայնքապետ էր ընտրվել ՔՊ-ական Նարեկ Հարությունյանը։ Վերջինս հետ չմնալով ՔՊ-ական համայնքապետերի մոտ ընդունված ավանդույթից, խոստացել էր համայնքը վերածել զբոսաշրջության կենտրոնի, վերակառուցել ենթակառուցվածքները և ոչ ավել ոչ պակաս պատմական նոր ժամանակաշրջան բացել Ծաղկաձորի համար։
Ուշագրավը այնքան տված ճոխ խոստումները չեն, որքան հանգամանքը, որ ընտրվելուց հետո Նարեկ Հարությունյանը բառացիորեն կորավ հրապարակային քաղաքական կյանքից։ Համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը կիսվում է կառավարության գրառումներով, իսկ իր կողմից բնակիչներին հրավիրում է հավաքվել քաղաքի հրապարակում և վայելել ձմեռը։ Հարությունյանի անձնական ֆեյսբուքյան էջում ևս ոչ մի խոսք չկա վերջինիս բուռն գործունեության մասին, երկու տրաֆարետային շնորհավորական տեքստեր և վերջ։
Համայնքապետարանի պաշտոնական կայքը իր հերթին հիշեցնում է կոմսոմոլի շրջանի պատի թերթ, որտեղ հիմնականում սպորտային և մշակութային ձեռքբերումների մասին հիշատակումներ են, որոնք բնականաբար ոչ քաղաքապետարանի, ոչ էլ նորընտիր համայնքապետի «շնորքը» չեն։ Մինչ օրս Հարությունյանը չի ներկայացրել իր բուռն գործունեության հաշվետվությունը, պատճառն էլ, իհարկե, պարզ է' չնայած մեծ խոստումների Ծաղկաձորի ՔՊ-ական քաղաքապետը նախընտրել է ընդհատակ անցնել և իրեն 70% քվե տված քաղաքացիներին հրամցնել հրապարակում ձյուն ունկնդրելը...: