Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստի տրամադրման ժամկետի երկարաձգումը չկապել հաշմանդամության խմբի սահմանման կամ վերանայման հետ։
Ազգային ժողովում ներկայացնելով «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագիծը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշեց, որ նախագծի նպատակն է վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստի նշանակման իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների կարգավորումն է։
««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար' մինչեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը: Գործող կարգավորումներով ժամանակավոր անաշխատունակությունը առնչվում է հաշմանդամության սահմանման հետ, սակայն իրավակիրառ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ հաշմանդամությունը սահմանվում է ավելի ուշ, քան ժամանակավոր անաշխատունակության թերթիկի առավելագույն ժամկետն է։ Լինում են դեպքեր, երբ հաշմանդամություն սահմանվում է ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման առկայությամբ, այլ օրինակ ինքնուրույն տեղաշարժման կամ կենսագործունեության այլ տեսակի սահմանափակման դեպքում, երբ կարող է անաշխատունակության թերթիկ չտրվել, սակայն, առողջական վիճակով պայմանավորված, կենսագործունեության սահմանափակումը հանգեցնի հաշմանդամության ճանաչման։ Այսինքն՝ հաշմանդամությունը կարող է սահմանվել նաև անաշխատունակության ժամանակահատվածում, իսկ անձի անաշխատունակությունը կարող է վերականգնվել ավելի ուշ, քան հաշմանդամություն սահմանելը»,- ասաց Խաչատրյանը։
Նախարարի տեղակալի խոսքով՝ եթե անձը վարձու աշխատող է և առողջության հետ կապված դեպք է տեղի ունեցել, վերջինս պետք է փորձաքննվի հաշմանդամության խումբ ձեռք բերելու համար․ անձը պետք երեք ամիս չաշխատի, գտնվի անաշխատունակության մեջ, որից հետո կարող է դիմել հաշմանդամության խմբում ընդգրկվելու համար սոցիալական փորձաքննություն անցնելու համար։
«Օրենքի գործող կարգավորումներով հաշմանդամություն սահմանելուց հետո անաշխատունակության թերթիկ և, հետևաբար, նպաստ չի տրամադրվում, անաշխատունակության թերթիկը չի երկարաձգվում։ Ներկայացվող նախագծով առաջարկվում է ժամանակավոր անաշխատունակության տրման ժամկետի երկարաձգումը չկապել հաշմանդամության խմբի սահմանման կամ վերանայման հետ։ Սրանով ֆիքսում ենք, որ անաշխատունակության մեջ գտնվելը և նպաստ ստանալը գործատուից չի կապվում այլևս հաշմանդամության խումբ ձեռք բերելու բժշկասոցիալական փորձաքննության գործընթացների հետ»,- եզրափակեց Խաչատրյանը։