Ինչպես արդեն տեղեկացրել էր ԳԱԼԱ-ն, այսօր երեկոյան ՀՀԿ-ն գումարել էր գործադիր մարմնի նիստ, որը ուղեկցվում էր բողոքի ակցիայով: Նիստի ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե ինչ հարցեր են քննարկվել նիստի ընթացքում, կուսակցության մամլո խոսնակը տվել է հետևյալ պատասխանը. «Նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական հարցեր հիմնականում, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Երևանի ավագանու ընտրություններին, նայել ենք քարոզարշավի ընթացքն ինչպես է ընթանում, բավարար ենք համարում քարոզարշավի ընթացքը, կազմակերպչական հարցեր ենք քննարկել և մեկ անգամ ևս վերահաստատել ենք, որ ընտրությունները պետք է լինեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, և նաև մենք պետք է ավելի համախմբված աշխատենք, որպեսզի մեր թեկնածուն երևանցիների վստահության քվեին արժանանա:
Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ նիստի ընթացքում կադրային հարցեր չեն քննարկվել՝ ոչ վարչապետի և ոչ էլ կառավարության անդամների: «Սահմանադրությունը մեզ հնարավորություն է տալիս, և սահմանված է ժամանակացույց, մենք այդ ժամանակացույցը չենք խախտելու»,- ասել է ՀՀԿ խոսնակը:
Ինչպիսի՞ն էր Սերժ Սարգսյանի տրամադրությունը ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձություններից հետո. լրագրողներից մեկի այս հարցին Էդուարդ Շարմազանովն ասել է. «Սերժ Սարգսյանի տրամադրությունը շատ լավ էր, որովհետև նա պետական մտածողության մարդ է և ոչ թե տրամադրության»:
Անդրադառնալով Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի Մոսկվա մեկնելու որոշմանը՝ ՀՀԿ խոսնակն ասել է. «Ես այսօր կատակով ասել էի՝ через Москва Вашингтон, իսկ եթե ավելի լուրջ, ապա՝ կգա, կգնա. նա քաղաքական գործիչ է, և պետք չէ զարմանալ, որ նրանք գնում են այս կամ այն երկրի մայրաքաղաք»:
ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ գործադիր մարմնի անդամներից և ոչ մեկը չմոտեցավ բողոքի ակցիայի մասնակիցներին, Էդուարդ Շարմազանովն արձագանքել է. «Ի՞նչ բողոքի ակցիա, ես տեղյակ չեմ»: Վերջինս բնական է համարել, որ ՀՀԿ նիստերը գրեթե միշտ ուղեկցվում են բողոքի ակցիաներով, որովհետև, ըստ էդուարդ Շարմազանովի, այսօր չկան երկրներ, որտեղ խնդիրներ չկան:
ԱԺ փոխնախագահը չի ցանկացել մեկնաբանել ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ նշելով, որ այդ առիթով ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը արդեն իսկ շատ դիպուկ պատասխանել էր:
Փայլակ Ֆահրադյան