ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժինը ստուգումներ է իրականացրել ՀՀ, Արմավիրի մարզ, գ․ Սարդարապատ, 21 փող․, 3/1 հասցեում գտնվող «Էլիտ Շին Գրուպ» ՍՊ ընկերությունում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ։
Ինչպես հայտնում է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, ստուգման ժամանակ չեն ներկայացվել ըստ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող կոմպրեսորային կայանով աշխատող սառնարանային տնտեսության տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության եզրակացությունը և ռեեստրում գրանցման վկայականը։
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածների համաձայն՝ շահագործվող յուրաքանչյուր արտադրական վտանգավոր օբյեկտ պետք է գրանցվի հաշվառման գրանցամատյանում՝ ռեեստրում, ինչպես նաև առնվազն տարեկան 1 անգամ անցնի տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննություն։ Այս պահանջները չկատարելը նույն օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ ենթակա է վարչական պատասխանատվության։
Վարչական վարույթում առկա ապացույցներով հիմնավորվել է այն փաստը, որ «Էլիտ Շին Գրուպ» ՍՊԸ-ն կոմպրեսորային կայանով աշխատող սառնարանային տնտեսությունը շահագործել է՝ առանց կատարելու տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ, 282-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը «էլիտ Շին Գրուպ» ՍՊ ընկերությունը ենթարկել է վարչական պատասխանատվության՝ արտադրական վտանգավոր օբյեկտն առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման շահագործելու համար։ Վերջինիս նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ 1․000 000 (1 միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով տուգանք։