Հեղափոխության օրերին հարթակից ելույթ ունեցող Նիկոլ Փաշինյանը խոստանում էր զսպել իր այն թիմակիցների «ախորժակը», ովքեր իշխանության գալուց հետո կշեղվեն հեղափոխության արժեքներից և կորոշեն վատնել պետական միջոցները։ Ժամանակը սակայն ցույց է տվել, որ ՔՊ-ականները Փաշինյանի այդ խոստմանը այնքան էլ լուրջ չեն վերաբերվել' պետական բյուջեի միջոցները վատնում են, իսկ զսպողները այդպես էլ չեն հայտնվում։
Դիցուք' Աշտարակի համայնքապետարանը հրապարակել է 2022 թվականի՝ համայնքապետարանի կարիքների համար գնումների պլանը, այսինքն՝ այն ապրանքների ցանկը, որոնք համայնքապետարանը պատրաստվում է ձեռք բերել 2022 թվականին։ Հրապարակված այդ պաշտոնական փաստաթուղթը, սակայն, «տան կնոջ ցուցակ» է հիշեցնում, որը կանայք տալիս են իրենց ամուսիններին՝ տուն վերադառնալիս բերելու համար։ Սակայն այս դեպքում ամեն ինչը հսկա չափաբաժիններով է։ Աշտարակի համայնքապետարանը 2022 թվականին պատրաստվում է գնել 18095 կիլոգրամ հաց, 2303 կիլոգրամ, մակարոն, 35 հազար հատ ձու, հնդկաձավար, չորացրած ոլոռ, ցորենաձավար, բրինձ, ոսպ, բլղուր, հավի ու տավարի միս, մածուն, թթվասեր, ձեթ, ծիրանի ջեմ, հատիկավոր կակաո և այլն։ Համայնքապետը' վերջերս ՔՊ ցուցակով ընտրված Թովմաս Շահվերդյանն է։
Դեկտեմբերի ընտրություններում Մեծամորի համայնքապետ ընտրված ՔՊ-ական Վահրամ Խաչատրյանը որոշել է բյուջեի հաշվին շքեղ ծառայողական մեքենա ձեռք բերել։ Խոսքը մոտ 32 մլն դրամ արժողությամբ Toyota Prado ամենագնացի մասին է։ Դրա համար մրցույթ է հայտարարվել, որտեղ այնպիսի պարամետրեր են նշել, որոնցով հնարավոր չէ ավելի էժան ու ցածր դասի մեքենա ձեռք բերել։ Օրինակ՝ շարժիչի հզորությունը պետք է լինի առնվազն 3,5 աշխատանքային ծավալով եւ ոչ պակաս 250 ձ/ուժ-ից, պետք է ունենա all wheel drive համակարգ, տարատեսակ այլ հաճելի մանրուքներ, իսկ վազքը պետք է լինի ոչ ավելի, քան 60 հազար կմ։ Այսինքն՝ կարող է ձեռք բերվել նաեւ մասնավոր անձից եւ լինել օգտագործված։
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը նույնպես որոշել է հետ չմնալ գործընկերներից և 300 հազար դրամով' մեկ անձից գնման ընթացակարգով նուշ, գետնանուշ, պեպսիկոլա և մեղր է գնել։
Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանի գնումներին ծանոթանալիս տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք ոչ թե պետական հիմնարկի, այլ ավտոմեքենաների հետ կապված ծառայություններ մատուցող ընկերության հետ, այնքան անիվ և մեքենայի մարտկոց է գնվել քաղաքապետի կողմից։ Ինչ խոսք, դա Դիլիջանի համար օրակարգային նշանակություն ունեցող գնում է։
Ծաղկաձորի նորընտիր հեղափոխական քաղաքապետը կարծես թե մեծ տոնախմբության է պատրաստվում, միայն թե հասկանալի չէ՝ ինչ առիթով: Այնուամենայնիվ Նարեկ Հարությունյանը պատրաստվում է 2 միլիոն դրամ հատկացնել միջոցառումների կազմակերպմանը, 1 միլիոն դրամ ծաղկեփնջերի պատրաստմանը, 500 հազար դրամ հրավառություններին:
Արարատի նորընտիր ՔՊ-ական քաղաքապետ Ասլան Ավետիսյանը նույնպես ճոխ ծախսերի սիրահար է: Պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո նա որոշել է, որ համայնքապետարանում քչություն են անում աթոռները, օդորակիչները, շերտավարագույրները, պահարանն ու գրասեղանը:
Մեղրիի նորընտիր քաղաքապետը անմիջապես գնումների պլանում զետեղել է 5 տարվա հնեցման կոնյակը՝ 35 հազար դրամ բյուջեից դուրս գրելով այն ձեռք բերելու նպատակով: Կարմիր գինին՝ 15 հազար դրամով: 500 հազար դրամով նա ցանկանում է ձեռք բերել դյուրակիր համակարգիչ: 200 հազար դրամի տաքսի ծառայություն. 1 միլիոն դրամի ներկայացուցչական ծախսեր, 1 միլիոն դրամի թիկնապայուսակ, 450 հազար դրամի ծաղկային կոմպոզիցիաներ, 630 հազար դրամի՝ նվերներ և պարգևներ:
Իհարկե, հարց է առաջանում՝ արդյո՞ք վերը թվարկածը առանց այդ էլ սուղ համայնքային բյուջեների միջոցների վատնում չեն, և եթե վատնում են՝ ինչը կարծես թե որևէ կասկած չի հարուցում, ապա ուր է այն անձը, ով խոստանում էր զսպել թիմակիցների ախորժակը և թույլ չտալ նախկինների բարքերի կրկնությունը Նոր Հայաստանում...: