ՀՀ կառավարության պետական ապարատի անհարկի ծախսերը կրճատելու վերաբերյալ գերատեսչությունների ղեկավարներին ուղղված հորդորները այդպես էլ համարժեք արձագանքի չեն արժանացել: Այս մասին են վկայում պետական պաշտոնյաների կողմից շարունակվող ճոխ գնումները, որոնք որևէ աղերս չունեն պետական, առանց այդ էլ սուղ եկամուտների խնայողության հետ: Դրա վառ օրինակներից մեկն էլ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է, որը ընթացիկ տարվա համար նախատեսել է գնել բենզին, այն էլ պաշտոնյանեը որոշել են չբավարարվել ռեգուլյար տեսակի վառելիքով, և նախընտրել են պրեմիումը, որը, ինչպես գիտենք, շատ ավելի թանկ է: Այս ամենը բնականաբար բյուջեի, այսինքն՝ հարկատուների հաշվին:

Այսպես՝ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գնումների պլանի համաձայն՝ նախատեսվել է գնել 25 հազար 420 լիտր պրեմիում տեսակի բենզին, որի մեկ լիտրի դիմաց հանձնաժողովը գնումների պլանում առաջարկել է 350 դրամ արժեքը: Վերջին մեկ ամսվա ընթացքում հանրապետությունում բենզինի գների աճ է նկատվել, մեկ լիտր պրեմիումը վաճառվում է 380-390 դրամով: Հետևաբար, ստացվում է՝ հանձնաժողովը բենզին գնելու համար ավելի է ծախսելու, քան նախապես պլանավորված էր: Նման քայլի գնալու պատճառաբանությունը ավելի քան զավեշտալի է, պարզվում է՝ կառույցը նման ճոխության է գնացել… ճոխություններից զերծ մնալու համար:

Այսինքն, հանձնաժողովը նպատակահարմար է գտել արտադրողի կողմից մատնանշված տեսակի վառելիք գնել, ինչը չի վնասի ավտոմեքենաների շարժիչները և չի առաջացնի լրացուցիչ ծախսեր: Եվ սա բնավ առաջին անգամ չէ, երբ մեր պետական գերատեսչությունները իրենց ճոխությունները բացատրել են հենց նման կերպ: Այս գերատեսչության ախորժակը այսքանով չի սահմանափակվել, հանձնաժողովը ընթացիկ տարվա համար նախատեսել է գնել նաև ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների՝ 3,5 մլն դրամի չափով:

Այս խնդիրների թնջուկը կարելի է բացահայտել, երբ կա քաղաքական կամք, շահերի հավասարակշռում և ուսումնասիրություններ՝ կոմպոնենտների մասով: Հակառակ դեպքում՝ այս ճանապարհով կարելի է հիմնավորել ցանկացած բան, ասենք՝ ստեղծել առավելագույն ժամանցային հնարավորություններ՝ անունը դնելով ոչ թե ժամանցային, այլ՝ ուսումնական կենտրոն: Եթե մեծ հաշվով չկա պահանջատեր հասարակություն, և կառավարության սրտացավ վերաբերմունք՝ գումարը ծախսելու ինստիտուտի նկատմամբ, ամեն ինչն էլ կարելի է հիմնավորել: Կոռուպցիոն երևույթները չեն բացահայտվում և դրանց արդյունքում՝ մուտքագրումներ չեն կատարվում պետբյուջե:

Պետական պաշտոնը դարձել է լավագույն ներդրումային գործունեությունը, քանի որ մարդիկ պաշտոնի գալով՝ մեծացնում են իրենց և ազգականների ձեռներեցությունը, հետո՝ պաշտոնից հրաժարվում, գնում են, բայց նրանց եկամուտները մնում են: Արդյունքում՝ տուժում են պետական բյուջեն և շարքային քաղաքացիները: Չի եղել մի խոշոր պաշտոնյա, որը պաշտոնից ազատվելուց հետո՝ եկամուտների մասով ուսումնասիրության ենթարկված լինի, թե արդյոք պաշտոնական դիրքի չարաշահման կապ չկա եկամուտների հետ:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ