Ադրբեջանցիներն «Ուկրաինայում ռուսական ագրեսիայի» դեմ բողոքի ցույց են անցկացնում ՌԴ դեսպանատան դիմաց եւ պահանջում ռուս խաղաղապահների դուրսբերում Արցախից, հաղորդում է Turan-ը։
Աղբյուրի համաձայն՝ ոստիկանության ուժեղացված ջոկատները թույլ չեն տվել ցուցարարներին մոտենալ դեսպանատանը, քանի որ իշխանությունները չեն արտոնել պիկետը։
Ցուցարարները նշել են, որ եկել են բողոքելու «Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի, այդ երկրի բնակիչների զանգվածային սպանությունների դեմ»։
Նրանց կարծիքով՝ «Ուկրաինայում ռազմական հանցագործություն կատարած բանակը չի կարող խաղաղապահ լինել, եւ ռուս զինվորականները պետք է դուրս բերվեն Ղարաբաղից»։
Ցուցարարները պահանջել են նաեւ «Ուկրաինայում ռուսական պատերազմի դադարեցում եւ ռուսական բանակի դուրսբերում այդ երկրից»։