Ապրիլի 13-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվել է Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեի անդամ 2023-2026թթ․ ժամանակահատվածի համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբից Հայաստանն ընտրվել է առաջին տեղով՝ ստանալով Տնտեսական և Սոցիալական խորհրդի 54 անդամ երկրներից 47-ի քվեն։
Հայաստանը ՄԱԿ-ի Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեին անդամակցում է առաջին անգամ։ Անդամակցության շրջանակներում Հայաստանը նպաստելու է քաղաքացիական հասարակության և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների առավել ակտիվ և բովանդակային ներգրավմանը ՄԱԿ-ի շրջանակներում տարվող գործընթացներում։
Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեն ստեղծվել է 1946թ․, հանդիսանում է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի օժանդակ մարմին, բաղկացած է ՄԱԿ անդամ 19 երկրներից։ Այն զբաղվում է ՏնտՍոցԽորհի խորհրդատվական կարգավիճակ ստանալու ոչ կառավարական կազմակերպությունների դիմումների, զեկույցների քննարկմամբ և խորհրդատվական կարգավիճակ ունեցող ոչ կառավարական կազմակերպությունների հետ հարաբերությունների դիտարկմամբ։