ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակով պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը չի հավատում, որ արցախցիները կարող են համակերպվել անկախության կորստի մտքի հետ։

«Դեռ չէր լրացել Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում աշխատանքի անցնելուս երկրորդ տարին, երբ վարչության պետի կողմից անակնկալ հանձնարարություն ստացա օպերատիվ խմբի հետ անհապաղ մեկնել Ստեփանակերտ: Տեղի էր ունեցել առանձնապես ծանր հանցագործություն և հանրապետության ղեկավարության կողմից որոշում էր կայացվել բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Արցախի մեր գործընկերներին հասարակական մեծ հնչեղություն ստացած դեպքը բացահայտելու համար:

Ստեփանակերտը լարված, նույնիսկ կաթվածահար վիճակում էր: Ընդամենը երկու-երեք օրով նախատեսված գործուղումս փաստացի տևեց մոտ մեկուկես ամիս: Չնայած գերծանրաբեռնվածությանս՝ հասցրեցի ավելի լավ ծանոթանալ քաղաքին և, իհարկե, շփվել արցախցիների հետ: Ուղղակի զարմացած էի, թե նույնիսկ այդ օրերին ինչքան մաքուր, բարեկարգ վիճակում էր Ստեփանակերտը՝ կարծես երբեք պատերազմ տեղի չէր ունեցել։ Ակնհայտ էր, որ մարդիկ սիրում և հպարտանում էին իրենց մայրաքաղաքով:

Արցախցի գործընկերներս, հաշվի առնելով երիտասարդ տարիքս և ծառայության բերումով Ստեփանակերտում գտնվելուս փաստը, ամեն կերպ փորձում էին իրենց ուշադրության կենտրոնում պահել ինձ, թեթևացնել կենցաղային խնդիրներս, ստեղծել անմիջական ու ընկերական միջավայր, որպեսզի չզգամ ինձ օտարության մեջ: Արցախցիներն իսկապես անմիջական, շփվող, հաստատակամ և ուժեղ մարդիկ են:
Գործուղմանս վերջին օրը, երբ Ստեփանակերտում վիճակն արդեն կայունացել էր, գործընկերներիս հրավերով եղա նաև Շուշիում: Զարմացած էի այդ քաղաքի աշխարհագրական անառիկ դիրքով։ Ադրբեջանցիներից այն գրավելն իսկապես հերոսության արդյունք էր:
Շուշիից Ստեփանակերտը երևում էր կարծես ափի մեջ: Իսկապե մեծ է այդ քաղաքի ստրատեգիական նշանակությունը: Նույնիսկ այդ ժամանակ այն «դժգույն և դժբախտ» քաղաքի տպավորություն չթողեց ինձ վրա՝ գնահատական, որ կատարյալ անմտություն է: Ակնհայտ էր, որ քաղաքում լուրջ մարտեր էին մղվել, արյան գնով էր վերադարձվել, և դրա հետևանքները առկա էին նույնիսկ այդ ժամանակ: Քաղաքը վերականգնվել ու վերականգնվում էր, բնակվում էին մարդիկ, ովքեր հետևողականորեն և մեծ ջանասիրությամբ շենացնում էին այն։ Նրանք ապրում էին իրենց քաղաքում, մեր հաղթանակների խորհրդանիշ Շուշիում:

Շուշին հիմա մերը չէ, ժամանակ է պետք իրավիճակը ճիշտ գնահատելու և շտկելու համար։

Ես չեմ հավատում, որ արցախցիները կարող են համակերպվել անկախության կորստի մտքի հետ։

Ես հավատում եմ արցախցիների գենետիկ ազատատենչությանը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Համբարձումյանը: