Արա Աբրահամյանի հայտարարությունը ադրբեջանցիների կողմի հայ ռազմագերիների սպանության վերաբերյալ․

«Ադրբեջանցիների կողմից հայ գերիների գնդակահարությունը ոչ միայն ռազմագերիների հանդեպ վերաբերմունքի Ժնևյան կոնվենցիայի խախտում է, այլ ևս մեկ ապացույց, որ անհրաժեշտ է անհապաղ ճանաչել Արցախի ժողովրդի անկախության իրավունքը, այսինքն՝ ապրելու իրավունքը։

Ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների բարբարոսային սպանությունը ոչ միայն միջազգային բոլոր կոնվենցիաների և բարոյական նորմերի խախտում է, այլև ալիևյան ռեժիմի կողմից ողջ հայ ժողովրդին և համաշխարհային հանրությանը նետված ցինիկ մարտահրավեր։ Այդ ռեժիմը վերջնականապես համոզվել է իր անպատժելիության մեջ, որովհետև չի պատժվել մարդկության դեմ կատարած իր նախկին հանցագործությունների համար։

Այս ցինիկ և դաժան հանցագործության արմատները հասնում են 1998 թվականի փետրվար, երբ, ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդի ազատ կամարտահայտման, տեղի ունեցան հայ ազգաբնակչության սումգաիթյան անմարդկային ջարդերը։ Այդ գազանությունները շարունակվեցին արդեն Եվրոպայի կենտրոնում՝ Բուդապեշտում, երբ 10 տարի առաջ ՆԱՏՕ–ի ուսումնական կենտրոնում Ադրբեջանցի սպա Ռ․ Սաֆարովը սառնասրտորեն կացնահարեց քնած հայ սպային՝ Գուրգեն Մարգարյանին, և Բաքվի վարչակազմի կողմից հերոսացվեց։

Այսօրվա գնդակահարողները գնում են իրենց «հոգևոր դաստիարակի»՝ Ռ․ Սաֆարովի հետքերով, քանի որ ռազմագերին նույնքան անօգնական է, որքան քնած մարդը։

Այս հանցավոր արարքը նաև ահաբեկչության և մշակութային ցեղասպանության այն քաղաքականության շարունակությունն է, որն Ադրբեջանը հետևողականորեն իրականացնում էր Արցախի ժողովրդի և բազմադարյան հայ պատմամշակութային ժառանգության նկատմամբ 44–օրյա պատերազմի ընթացքում և այսօր։

Այս ամենը վառ վկայությունն է, որ «խաղաղության» հաստատման շղարշի տակ Ղարաբաղի հայերին ամեն գնով ստիպում են ապրել մի երկրի կազմում, որտեղ հայերի նկատմաբ ատելությունը սերմանվում է դպրոցական նստարանից և հանրայնացվում է այդ երկրի ղեկավարի ելույթներում։

Ադրբեջանի նպատակը հայերի և ամեն հայկականի ոչնչացումն է։

Ի՞նչ ապագա է սպասվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին Ադրբեջանի կազմում՝ նոր ցեղասպանություն, ֆիզիկական բնաջնջում կամ, լավագույն դեպքում, լքել այն տարածքը, որտեղ այդ ժողովուրդը հազարամյակներ շարունակ բնիկ է, ինչպես դա արվեց Նախիջևանի, Գանձակի և Դաշտային Ղարաբաղի բազմաթիվ այլ պատմական հայկական շրջաններից։ Այնտեղ երկրի երեսից վերացված են մեր նախնիների շիրիմները, Հայրենական պատերազմի Հաղթանակի հայ զորավարների հուշարձաններն ու տուն–թանգարանները։ Այնտեղ անդառնալիորեն կորսված են հայկական կրոնական–մշակութային հազարավոր շինությունները, որոնց ավերակներն այսօր աղաղակում են հայ ժողովրդի հանդեպ հանցագործությունների մասին, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցեղասպանություն։

Հայ ռազմագերիների գազանային սպանությունն այս անգամ կտրուկ և միաբանորեն դատապարտող միջազգային հանրությունը պետք է առավել հաստատակամություն ցուցաբերի, ոչ թե բառերով, այլ գործնականում պետք է ստիպի Բաքվին՝ հրաժարվել իր քաղաքականության մեջ ԻԳԻԼ–ական մեթոդներից և պահպանել քաղաքակիրթ ազգերի միջավայրում ընդունված կանոնները։

Ակնհայտ է, որ այս պայմաններում միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը կարող է ապահովել Արցախի ազատասեր և աշխատասեր ժողովրդի կյանքն ու անվտանգությունը, նպաստել հայ–ադրբեջանական հակամարտության իրական կարգավորմանը և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը»։