ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի գործողությունները վերջին շրջանում զարմանք են առաջացնում, առաջին հերթին հենց այն պատճառով, որ անգամ փորձագիտական համայնքը չի հասկանում դրանց տրամաբանությունը: Ինչպես երևում է՝ Գալստյանից դժգոհ են նաև իշխանության վերին էշելոններում․ որոշ տեղեկությունների համաձայն՝ մինչև տարվա վերջ ԿԲ նախագահը պաշտոնանկ է արվելու:
Իսկ որո՞նք են նման քայլի գնալու պատճառները: Նախ և առաջ այն, որ Մարտին Գալստյանը, ըստ էության, ձախողել է իր առջև դրված բոլոր առաջադրանքները: Հայաստանի արժութային շուկայում վերջին շաբաթներին իսկական խառնաշփոթ է տիրում։ Ռուբլու արժեզրկումն աստիճանաբար փոխանցվում է դրամին։ Ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը հստակ հրահանգ էր տվել տնտեսական բլոկի պատասխանատուներին՝ ակտիվ աշխատել և քայլեր իրականացնել առկա ռիսկերը մինիմալիզացնելու համար: Սակայն, Մարտին Գալստյանը, գործուն քայլերի փոխարեն՝ որոշեց հանդես գալ հուժկու վերլուծականով, թե ինչպիսի ռիսկեր են սպասվում ՀՀ տնտեսությանը: Արդյունքում՝ միայն խոսքեր և զրո քայլ դրանք կանխելու և հաղթահարելու ուղղությամբ:
Արտահանողների մի մասը արդեն տուժել է ռուսական ռուբլու արժեզրկումից, հիմա էլ՝ մյուս մասը տուժում է դոլարի/եվրոյի արժեզրկումից և կրկին ԿԲ-ն անգործության է մաստնված՝ նախընտրելով պահպանել չեզոք դիրք: Հարկ է նշել, որ 2022 թվականի համար կենտրոնական բանկը նախանշել է 5,5 տոկոս գնաճ, սակայն, փաստացի, հունվար-մարտ ամիսներին սպառողական գների ինդեքը կազմել է 7,8 տոկոս, այսինքն՝ ԿԲ-ն հեռու է իր նպատակից և այս հարցում նույնպես Մարտին Գալստյանը ձախողել է:
Ավելին, ինչպես ասում են՝ ունքը սարքելու փոխարեն աչքը հանելու սովորությունը որևէ տեղ չի անհետացել և ահա՝ ԿԲ-ն, փորձելով զսպել գնաճը, սնանկացնում է տեղական բիզնեսը: Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2022 թվականի մարտին՝ փետրվարի համեմատ, Հայաստանից արտահանումը նվազել է 12,2 տոկոսով։ Հիմնականում տուժել են ալկոհոլային խմիչքների, պահածոների, սննդամթերքի, սիգարետի արդյունաբերական ընկերությունների արտահանումը։ Եվ ճիշտ հակառակը՝ ներկայումս շահում են ներկրող-մենաշնորհները (կարագ, ձեթ, ալյուր, շաքարավազ, բենզին և այլն), որոնք շարունակում են գին թելադրել շուկայում։ Այսինքն՝ ԿԲ նախագահի պասիվությունը և սխալ հաշվարկները դեռ մի բան էլ հանգեցրել են մենաշնորհի ծաղկմանը:
Այսքանից հետո հասկանալի է, թե ինչու են կառավարության կուլիսներում քննարկում Մարտին Գալստյանին փոխարինելու հարցը, թեև մյուս ոլորտների ղեկավարները նույնպես չեն փայլում պրոֆեսիոնալիզմով և խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու կարողությամբ, սակայն, ԿԲ-ն բավական առանցքային կառույց է և նրա մեկ սխալը կարող է անչափ թանկ նստել տնտեսության և ընդհանուր առմամբ պետության վրա։