Մայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 11։30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի «Շորալի» կոչվող տարածքում արջը հարձակվել է 67-ամյա Սամվել Լևոնյանի վրա։ Վիրավորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Պարզվել է՝ արջը ճանկռոտել ու կծել, ապա վնասվածքներ է պատճառել գլխին, դեմքին ու վերին վերջույթներին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Լևոնյանը բոխի հավաքելիս է եղել, երբ արջը անսպասելի հարձակվել է նրա վրա, ու նրա ու արջի միջև մենամարտ է սկսվել։
Դեպքի մասին տեղեկացվել է նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնում, որտեղ էլ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի հանձնարարականով նյութեր են նախապատրաստվում, պարզվում են դեպքի հանգամանքները։