Երեկ՝ մայիսի 22-ին, կայացած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով՝ առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։
Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com -ը զրուցեց Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, որը նշեց՝ Արցախում սահմանագծումն ու սահմանազատումը բացառում է Ադրբեջանի հետ դարավոր խաղաղության կնքումը.
«Այն բերելու է շատ ավելի ծանր իրավիճակների, քան մենք ունեցել ենք և այս պարագայում պատերազմն անխուսափելի է լինելու, որովհետև սա նոր մեթոդ չէ, այս գործընթացը նախադեպ ունի: Սահմանազատման, սահմանագծման աշխատանքների հետևանքով Արցախի հարցը վերջնականապես փակելու են, երբ դրա հետևանքով այն ճանաչեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ընդգծեց պատգամավորը:
Անդրադառնալով Արցախի կարգավիճակի հարցին, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ որևէ մեկը չի հստակեցնում՝ կարգավիճակ ասելիս ինչ նկատի ունի, որովհետև կարգավիճակ ասվածը տարբեր տեսակներ ունի.
«Օրինակ Խորհրդային միության տարիներին Արցախը ևս կարգավիճակ է ունեցել, բայց՝ Ադրբեջանի կազմում: Հիմա, ըստ Փաշինյանի քաղաքականության արդյունքների, հասկանում ես, որ կարգավիճակ ասելով նկատի ունի ուղղակի Արցախում ապրելու, մշակույթ ունենալու, սեփական լեզուն օգտագործելու իրավունք, այսինքն՝ նպատակը Արցախը կրկին Ադրբեջանին բռնակցելն է»,- ասաց մեր զորւցակիցը՝ հավելելով՝ պետք է հստակեցնել կարգավիճակ ասվածը, հակառակ դեպքում այն ոչ հասկանալի է և ոչ էլ ընդունելի:
Ըստ նրա՝ այն ինչ որ իրենք 30 տարի շարունակ արել են ահնուն Արցախի, հիմա ինչ-որ մեկի թեթև ձեռքի շարժումով կարող են կորցնել ամենը.
«Մեր միակ հույսը «Դիմադրության» շարժումն է, որը կարող է կանխել շատ ու շատ ոճրագործություններ, որը պատրաստվում է այս իշխանությունը անել»,- եզրափակեց նա:
Զվարթ Պետրոսյան