ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չափազանց դժվար է նշել, թե հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման իրագործումը որքան կտևի, սակայն, ըստ գործադիրի ղեկավարի, հաշվի առնելով հարցի հատուկ կարգավիճակը և հրատապությունը, այն պետք է իրագործվի հնարավորինս շուտ։ Ազգային ժողովում վարչապետն ասաց, որ գործընթացը պետք է սկսվի և հընթացս կերևա, որ դա մեկ-երկու օրվա կամ ամսվա գործ չէ։
«Դա ակնհայտ է, որովհետև կան բազմաթիվ նյուանսներ, որոնք պետք է ճշգրտվեն։ Իհարկե, իմ զեկույցում ասել եմ, որ հասկանում ենք նաև, որ Ադրբեջանը փորձում է ինչ-որ ձևով ռազմական լարվածության իրավիճակը պահել սահմանի երկայնքով՝ դեմարկացիայի գործընթացում Հայաստանի նկատմամբ թաքնված կամ անթաքույց տարածքային պահանջներ ներկայացնելու համար։ Կարծում եմ, որ մեր այս դիրքորոշումը ընկալված է միջազգային հանրության կողմից, և մենք պետք է առաջ գնանք՝ պաշտպանելով մեր երկրի շահերը և սահմանները»,- ասաց վարչապետը։
Նա նշեց, որ օրինակ՝ Հայաստանի և Վրաստանի միջև և Ադրբեջանի և Վրաստանի միջև դեմարկացիան մինչև օրս չի ավարտվել, չնայած սկսվել է 1996-97 թվականներից։
«Կարծում եմ, այս պարագայում, հաշվի առնելով հատուկ կարգավիճակը և հրատապությունը, երկու կողմերի մոտ էլ կա շահագրգռություն, որ հնարավորինս շուտ անենք։ Այսինքն՝ դա չտևի 20 տարի, այլ տևի հնարավորինս կարճ։ Նաև սա է պատճառը, որ մենք գտնում ենք, որ միջազգային փորձագետների ներգրավումը, ովքեր փորձ ունեն արդեն իրենց երկրներում դեմարկացիայի և դելիմիտացիայի, այն իրականացնելու ժամանակ բախվել են բազմաթիվ խնդիրների և հաղթահարել են այդ խնդիրները, կարող են մեզ օգնել, որպեսզի մենք պատրաստի բանաձևեր ունենանք։ Ասեմ, որ կան շատ հետաքրքիր ձեռնարկներ, օրինակ՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի մեթոդոլոգիաների մասին, թե ինչ մեթոդներով կարելի է իրագործել։ Բայց կոնկրետ գնահատական տալ ժամկետների մասով, չափազանց դժվար է։ Դեռ մինչև ապրիլի վերջ հստակ գիտենք, որ հանձնաժողովը ձևավորվի, մնացած հարցերին հանձնաժողովը կպատասխանի»,- եզրափակեց Փաշինյանը։