Ինչպես գիտենք ԱԺ ՔՊ պատգամավոր Անուշ Բեղլոյանը հրաժարվել է իր պատգամավորական մանդատից, քանի որ Ազգային ժողովի կողմից ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Նրան փոխարինելու է Երևանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության անդամ, Աջափնյակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի քարտուղար Գայանե Եղիազարյանը։
Երեկվանից համացանցում լայնորեն շրջանառվում է այն փաստը, որ Եղիազարյանի կենսագրության մեջ բացակայում է տեղեկությունն առ այն, որ ստացել է բարձրագույն կրթություն:
ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում Գայանե Եղիազարյանն ասաց, որ թեև բարձրագույն կրթություն չունի, բայց դա ամենևին չի կաշկանդել ինչպես Ավագանու անդամ լինելիս, այնպես էլ պատգամավորական գործունեություն ծավալելիս.
«Բարձրագույն կրթության բացակայությունը ինձ չի խանգարել որպես Ավագանու անդամ ծառայելու հօգուտ մեր քաղաքացիների ու համայնքի, չի խանգարի նաև ծառայելու որպես ԱԺ պատգամավոր։ Ընդհակառակը, ավելի լայն լիազորություններ կունենամ մեր քաղաքացիների բարձրացրած մի շարք խնդիրներ օրենսդիր մարմին հասցնելու և լուծումներ տալու համար։ Ի դեպ նշեմ նաև, որ թե՜ Ավագանու անդամի, թե՛ ԱԺ պատգամավորի պաշտոնը քաղաքական է, ինչպես նաև, օրենքում չկա պարտադիր նորմ' բարձրագույն կրթություն ունենալու վերաբերյալ։ Ծառայել ու ծառայելու եմ մեր պետությանն ու հայրենիքին»,- նշեց նա:
Դիտարկմանը՝ պատգամավորական մանդատը իրեն փոխանցվել է Հայաստանում ներքաղաքական լարված ժամանակահատվածում, արդյո՞ք մտավախություն չունի հասարակության կողմից չսիրված և չընդունված լինելու, պատասխանեց.
«Ցանկացած պետության իշխանություն ունենում է ընդդիմություն և, բնականաբար, հանրության շրջանում լինում են և՜ կողմնակիցներ և՛ ընդդիմախոսներ։ Հետևաբար նորմալ եմ ընդունում, և՜ չընդունողներին, և ընդունողներին։ Ինչո՞ւ պետք որևէ մտավախություն ունենամ»,- ընդգծեց Գայանե Եղիազարյանը։
Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության անհնազանդության բողոքի ակցիաներին՝ մեր զրուցակիցն ասաց՝ այսօրվա ընդդիմության օրակարգը կեղծ է.
«Մեր հանրությունը հստակ գիտակցում և իր գնահատականը տալիս է իրենց գործողություններին։ Անզեն աչքով էլ պարզ երևում է, որ վարչապետի հրաժարականի հանրային պահանջ գոյություն չունի, դա ընդամենը որոշակի օղակի նեղ, անձնական շահերից բխող պահանջ է, որոնց մեր ժողովուրդը մերժել է դեռ 2018 թվականից։ Դե Երևանի փողոցներում Արցախի փրկության բանաձևն էլ ընդդիմությունը դեռևս չի առաջարկել»,- ասաց նա:
Հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես է վերաբերում Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների հասցեին հնչող այն մեղադրանքներին, թե իրենց մեղքով է Արցախի տարածքները անցել Ադրբեջանին, Գայանե Եղիազարյանն ասաց.
«Արցախում տարածքային կորուստ, ցավոք, մենք ունեցել ենք դաժան պատերազմի արդյունքում։ Ի՞նչ է, փողոցում Արցախ փրկողները սահմանին կանգնած էին, մենք իրենց թույլ չե՞նք տվել փրկել ու պաշտպանել Արցախը։ Թո՛ղ ընդդիմությունն իր շարքերում փնտրի տարածք հանձնողներին էլ, ռազմի դաշտից փախած գեներալներին էլ»,- եզրափակեց նա:
Զվարթ Պետրոսյան