Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» լեռնադահուկային համալիրի նախագծումն ավարտական փուլում է։ Հանգստի գոտու նախագիծը և կոնցեպտը վստահվել է ոլորտում առաջատար «Էկոսայն» ընկերությանը:
«Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» նախագծի հիմնադիր Տիգրան Հարությունյանի խոսքով՝ նախագծի գլխավոր պլանն արդեն ամբողջությամբ պատրաստ է: «Մենք արդեն աշխատում ենք կոնկրետ հիմնական մաստերպլանի յուրաքանչյուր հատվածում: Խոսքը վերաբերվում է հյուրանոցային համալիրներին, սրճարաններին, ռեստորաններին, ճոպանուղիներին: Այս պահին ճոպանուղիների նախագծման աշխատանքներն են տեղի ունենում»,-ասաց նա՝ հավելելով, որ «Էկոսայն»-ի հետ աշխատելը շատ փորձ և գիտելիք է տվել:
«Էկոսայն» ընկերության նախագահ Ռայլի Տիսսենը նշեց, որ նախագիծը 20 տարվա է, որը մշակել են արևմտյան դասական ամերիկյան համալիրի հետիոտնային գյուղակի կոնցեպտով, բայց այն ունի նաև եվրոպական համալիրներին բնորոշ առանձնահատկություններ: «Կոնցեպտը ավարտին ենք հասցրել: Այս փուլում հետևում ենք կառուցման ընթացքին: Կասկած չկա, որ բնության գեղեցկությունը և լեռներն ու հարթավայրերը կգրավեն մարդկանց աշխարհի բոլոր անկյուններից»,-ասաց նա:
«Էկոսայն» ընկերության փոխնախագահ Էրիկ Քելենդերն էլ հավելեց, որ իրենք օրեր շարունակ ճանապարհորդել են ուղղաթիռով և քարտեզագրումներ իրականացրել: «Մեզ հաջողվել է բացահայտել այս լեռնային տարածքը, որն իդեալական է: Այն մոտ է մայրաքաղաքին և ունի յուրահատուկ տեսարան: Այս պահին դիզայնի վերջնական փուլում ենք»,-նշեց Քելենդերը:
«Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» լեռնադահուկային համալիրի ներդրումային ծրագիրն իրականացվում է մի քանի փուլով:Առաջին փուլի աշխատանքները կավարտվեն 2023 թվականի ձմռանը: Այս տարի նախատեսվում է գործարկել ճոպանուղիներից մեկը, հաջորդ տարի՝ ևս երկուսը: Ամբողջական նախագիծը կյանքի կկոչվի մինչև 2035 թվականը:
«Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» լեռնադահուկային համալիրի ներառելու է ակտիվություններ տարվա չորս եղանակների համար: Այն իր շուրջը կհամախմբի լեռնադահուկորդների, ակտիվ ժամանցի սիրահարների ինչպես Հայաստանից, այնպես էլ ամբողջ աշխարհից: