Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերով իրականացվող աշխատանքներին տեղում հետևելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջան
կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում այցելել է բարեկարգվող տարածքների շինհրապարակներ:
Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետը նախ ծանոթացել է Գայի արձանի անմիջապես դիմացի հատվածում գտնվող շատրվանի հարակից տարածքում գտնվող այգու բարեկարգման աշխատանքներին: Ներկայացնելով
տարածքի նախկին տեսքը և ըստ նախագծի կատարվող փոփոխությունները՝ պատասխանատուները նշել են, որ ծրագրի ամբողջացումից հետո հանգստի այս գոտին ևս կդառնա երևանցիների և, մասնավորապես, նորնորքցիների զբոսանքի սիրված վայրերից մեկը՝ սալիկապատված հարմարավետ ճեմուղիներով, արտաքին լուսավորությամբ և երևանյան ընդհանուր ոճին համահունչ կահավորմամբ:
Քաղաքապետն այցելել և հետևել է նաև Նոր Նորքի 6-րդ զանգվածի կասկադատիպ համալիրի վերակառուցման ծրագրով ընթացող աշխատանքներին, որի շնորհիվ աստիճանահարթակների միջև ստեղծված առանձին տարածքն ամբողջությամբ կծաղկապատվի և համապատասխան ձևավորում կստանա:
Աշխատանքներին հետևելիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը զրուցել է նաև հարևան շենքերի բնակիչների հետ, ովքեր շտապել են իրենց շնորհակալությունը հայտնել մայրաքաղաքում և մասնավորապես իրենց վարչական շրջանում տարվող բաերկարգման աշխատանքների համար, նաև նկատել, որ Երևանն այսօր հաճելիորեն փոխվում է և դառնում ավելի բարեկարգ ու հարմարավետ:
Այնուհետ քաղաքապետը, չմերժելով տեղի բնակիչ, զոհված ազատամարտիկ Նորայր Մանասարյանի մոր՝ Էմմա Այվազյանի խնդրանքը, այցելել է նաև նրանց շենքի հարակից տարածք, որտեղ տիկնոջ ջանքերով հանգստի փոքրիկ անկյուն է ձևավորվել և ազատամարտիկի հիշատակը հավերժացնող ցայտաղբյուր տեղադրվել: Տարոն Մարգարյանը տեղում պատասխանատուներին հանձնարարել է համապատասխան միջոցներ ձեռնարկել և ամբողջ տարածքը կարճ ժամանակում վարչական շրջանի ուժերով բարեկարգել ու կահավորել: