Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստանում էր վերջ դնել այսպես կոչված' նախկինների թայֆայական մտածողությանը, պաշտոններ շնորհել ըստ արժանիքների և ոչ թե ըստ կուսակցական պատկանելիության կամ յուրային լինել-չլինելու հանգամանքով պայմանավորված:

Հեղափոխությունից չորս տարի անց, սակայն, բավականին ուշագրավ իրավիճակ է ուրվագծվել այն առումով, որ Փաշինյանը ոչ միայն առանցքային պաշտոններում յուրայինների է նշանակում, այլ մի բան էլ՝ վերջիններիս այս կամ այն պատճառով այդ բարձր պաշտոններից ազատելուց հետո նրանց մոտիկ ազգականներին ոչ պակաս բարձր պաշտոններ է շնորհում' այսպիսով ջանալով չնեղացնել յուրայիններին և նրանց իրեն հավատարիմ պահել:

Դիցուք՝ օրերս հայտնի դարձավ, որ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին նշանակվել է մարզի դատախազ: Պողոսյանը աշխատանքից ազատվել էր մի շարք ակսնդալների ֆոնին և երկար ժամանակ զգացվում էր վերջինիս նեղսրտվածությունը ՔՊ-ից: Շատ էր գրվում նաև այն մասին, որ ի հեճուկս Փաշինյանի' Մելիքսեթ Պողոսյանը բավական ջերմ հարաբերություններ ունի նախկին իշխանության ներկայացուցիչների հետ: Որպես արդյունք' Նիկոլ Փաշինյանը որոշեց գնել Մելիքսեթ Պողոսյանի լոյալությունը՝ որդուն նշանակելով նման բարձր պաշտոնի:

Նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել նաև Արարատի մարզում, երբ Փաշինյանի որոշմամբ պաշտոնից ազատվեց Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, վերջինս նույնպես հայտնվել էր մի շարք սկանդալների թիրախում և, ընդհանուր առմամբ, բավական մեծ էր մարզի բնակչության դժգոհությունը Թևոնյանի կատարած աշխատանքից: Սակայն, վերջինս լոյալությունը չկորցնելու համար Փաշինյանը նրան փոխարինեց ոչ ավել, ոչ պակաս հարազատ որդով՝ Սեդրակ Թևոնյանով, ով էլ այսօր հանդիսանում է Արարատի մարզպետն ու շարունակում է հոր գործը:

Փաշինյանի չի ցանկանում նեղացնել նաև ՊԵԿ-ի իր յուրայիններին: ՊեԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նշանակումից հետո բավական լուրջ խմորումներ սկսեցին այս կառույցում և գործը հասավ նրան, որ Փաշինյանը ստիպված էր զոհաբերել ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանին, ով ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների բավական սերտ ՝ նույնիսկ բարեկամական կապեր ունի Փաշինյանի ընտանիքի հետ: Մաշադյանի ազատումից հետո սակայն նրա որդին շարունակեց զբաղեցնել Երևանի կայազորի զինդատախազի պաշտոնը: Սա էլ իր հերթին Փաշինյանի ժեստն էր Մաշադյանի ընտանիքին:

Կարեն Սարուխանյանին Շիրակի մարզպետի պաշտոնից ազատելուց հետո Նիկոլ Փաշինյանը նրան էլ չնեղացրեց: Մարզի «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր հավակնորդը, ըստ մամուլի տեղեկությունների, Կարեն Սարուխանյանի բարեկամն է՝ Շավարշ Արամյանը, ով ֆեյսբուքյան իր էջում, ի դեպ, արդեն գրառում է կատարել այն մասին, որ 2021թ. օգոստոսից աշխատում է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում:

Կապանի քաղաքապետի պաշտոնում չառաջադրված, իսկ այնուհետև նար մարզպետական հավակնությունները չբավարարած ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի սանիկն էլ՝ Մարգար Մարգարյանը, «Զանգեզուր» կենսոլորտային հիմնարկի փոխտնօրենի պաշտոնն է զբաղեցնում:

Ինչպես տեսնում ենք՝ թե՛ նախկին իշխանությունների, թե՛ ներկա հեղափոխական իշխանությունների համար յուրայիններին լոյալ պահելը բավականին կարևոր է, և այդ գործում նրանք ոչինչ չեն խնայում, պատրաստ են անգամ հետ կանգնել ժողովրդին տված հրապարակային խոստումներից և խախտել դրանք...