Ինչպես հայտնի է՝ 30-ից ավելի լրատվամիջոցներ բոյկոտել են այսoր երեկոյան ժամը 20:00-ին կայանալիք Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսը՝ հրաժարվելով հարցեր ուղարկել նրան, կոչ անելով վարչապետի աշխատակազմին վերադառնալ ասուլիսի դասական ձևին:

Ըստ լրատվամիջոցների խմբագիրների՝ նախորդ ֆեյսբուքյան ասուլիսների ժամանակ իրենց հարցերը կամ չեն հնչել, կամ վերաձևակերվպել են, ֆիլտրվել, աղավաղվել:

«Կարծում եմ՝ լրատվամիջոցների բոյկոտի մեջ քաղաքական խնդիր չկա: Ես կարող եմ «Առավոտ» օրաթերթի անունից խոսել, մենք հարցեր չենք հղել վարչապետին, քանի որ նախորդ երկու ֆեյսբուքյան ասուլիսների ժամանակ մեր հարցերը չեն հնչել: Կարծում եմ՝ այս ձևաչափը չի աշխատում, ցանկալի կլիներ վարչապետը ունենար մամուլի քարտուղար, որի հետ մենք կապ կհաստատեինք, և կազմակերպվեր դասական ոճի ասուլիս: Այդ դեպքում ես անպայման կմասնակցեի»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:

Վերջինս նշեց, որ չի հիշում մի դեպք, որ երկրի առաջին դեմքի հետ լրատվամիջոցների հանդիպումը կազմակերպված լինի նման ձևաչափով, իսկ սա արդեն երրորդ դեպքն է:

Ըստ նրա՝ վարչապետը և, առհասարակ, ցանկացած պաշտոնյա պետք է հետևություններ անի լրատվամիջոցների նման վերաբերմունքից:

Զրուցեցինք նաև ԶԼՄ-ների բոյկոտին միացած irakanum.am-ի գլխավոր խմբագիր Փայլակ Ֆահրադյանի հետ: Նա նույնպես փաստեց, որ իրենց հարցերը անպատասխան են մնացել, և հենց դա է պատճառը բոյկոտին միանալու:

«Մեր հարցերը, առհասարակ, չեն հնչեցվել: Պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների համար կան յուրային և ոչ յուրային ԶԼՄ-ներ, այսինքն՝ այն լրատվամիջոցները, որոնք չեն գործում իրենց դաշտում, համարվում են ոչ յուրային: Կհիշեք, նրանց նախկինում դրսևորած վերաբերմունքը լրագրողների նկատմամբ, ուղղորդումները՝ կարդալ «Հայկական ժամանակ»:

Այսօր մենք, ամենայն հավանականությամբ, ականատես կլինենք, թե ինչպես են հնչեցվում «Հանրային հեռուստաընկերության», «Արմենպրես»-ի, իշխանական այլ ԶԼՄ-ների, ինչ-որ ՀԿ-ների, որոնք հանրությանն անծանոթ են, կողմից ուղարկված հարցերը»,-ասաց Ֆահրադյանը:

Նա ևս շեշտեց, որ եթե կազմակերպվեր դասական ասուլիս, ապա ինքը անպայման կմասնակցեր:

Սուսաննա Թամազյան