Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ' «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ: Այդ մասին «Pastinfo.am»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

ՀՀ կառավարության առընթեր ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2009-2012 թվականներին պետական գնումների շրջանակներում դեղորայքի, բժշկական պարագաների ձեռքբերման գործընթացում «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում թույլ են տրվել մի շարք չարաշահումներ:

Մասնավորապես' 2009 թվականի փետրվարի 10-ին «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության և «Նատալի Ֆարմ» ՍՊ ընկերության միջև կնքվել է բժշկական կենտրոնի կարիքների համար «Անհրաժեշտ դեղորայքի, բժշկական պարագաների ձեռքբերման» պայմանագիր:

Համաձայն պայմանագրի' նշված ընկերությունը մասնակցել է դեղորայքի ձեռքբերման համար հայտարարած մրցույթին, ճանաչվել հաղթող, մինչդեռ մրցույթը կայանալու վերաբերյալ արձանագրությունը կազմվել է 2009 թվականի փետրվարի 13-ի թվագրմամբ, իսկ արդյունքներն ամփոփվել են փետրվարի 14-ի թվագրմամբ, այսինքն' պայմանագիրը կնքելուց 4 օր հետո:

Ըստ 2009 թվականի փետրվարի 13-ին կազմված մրցակցության բանակցությունների արձանագրության' մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել միայն մեկ կազմակերպություն, որն էլ ճանաչվել է հաղթող:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ 2012 թվականին «Տաշիրի բժշկական կենտրոն»-ի կարիքների համար դեղորայք, բժշկական պարագաներ ու նյութեր ձեռք բերելու ընթացքում խախտվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է' բաց կամ սահմանափակ ընթացակարգի կիրառումից խուսափելու նպատակով մրցույթ չի հայտարարվել, այլ փոխարենը գնումը բաժանելով առանձին չափաբաժինների' 2012 թվականի մարտի 7-ին կնքվել են ապրանքների գնման թվով 26 պայմանագրեր' ընդհանուր 16.387.450 դրամ արժողությամբ դեղորայք և այլ բժշկական պարագաներ ձեռք բերելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազը հարուցել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնին:

Հեղինակ:
«Փաստինֆո»