Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական օգնություն իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ, ինչը առաջացրել է բուժվող հիվանդի մահը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

 

Երևան քաղաքի բնակչուհի Գայանե Ճանճապանյանից ստացվել է գրավորհաղորդում, որ որդին՝ Արթուր Գրիգորյանը 2015թվականի հունվարի 15-ից մինչև փետրվարի 6-ն ստացիոնար բուժում է ստացել «Էրեբունի» բժշկական կենտրոնում, որտեղ ռևմատոլոգիայի բաժնի վարիչի և որպես թոքաբան հրավիրված մասնագետի կողմից ոչ ճիշտ ախտորոշման հետևանքով չի հայտնաբերվել որդու մոտ առկա «Միլիար տուբերկուլոզ» հիվանդությունը, կատարվել է հակացուցված բուժում, ինչի հետևանքով որդին փետրվարի 21-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ում մահացել է:

 

 

Բնակչուհու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել են ապրիլի 1-ին եւ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու բուժվող հիվանդի մահվան պատճառը եւ բուժաշխատողների կողմից թույլ տրված մասնագիտական հնարավոր խախտումները։

 

 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: