Այսօր՝ հուլիսի 20-ին, տեղի ունեցավ Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի քոլեջի շրջանավարտներին ավարտական դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը: Համալսարանի տնօրեն Թամարա Վարդանյանը  շնորհավորեց արդեն հարազատ դարձած  ուսանողներին  այս հատուկ օրվա  առթիվ՝  մաղթելով նոր ու ավելի մեծ ձեռքբերումներ:  

«Սա շատ հուզիչ պահ է բոլորիս համար,  գիտեմ, որ դուք  այս օրը կհիշեք ձեր ողջ կյանքի ընթացքում: Այժմ նոր կյանք եք մտնում և ես հույս ունեմ, որ այն կանցնեք առավել գիտակցված և վստահ՝ ձեր ուժերին ու գիտելիքներին: 

Պետք է նշեմ, որ այս տարի  քոլեջի ողջ գործունեության ընթացքում մենք  ունենք առավելագույն  թվով՝ շուրջ 106  շրջանավարտներ»,-իր խոսքում նշեց Թամարա Վարդանյանը: 

 
 

Նա հավելեց նաև, որ քոլեջի շրջանավարների մեծ մասն իրենց հետագա կրթությունը շարունակելու է համալսարանի պատերի ներքո: 

Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը նույնպես իր շնորհավորական խոսքը հղեց շրջանավարտներին՝ մաղթելով կյանքի ուղին  կառուցել հիմնարար արժեքների ու անընդհատ զարգանալու կենսափիլիսոփայության հիման վրա: 

 

«Հարգելի‘ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ, ուրախ եմ տեսնել այսքան ինտելեկտուալ երիտասարդների մեր համալսարանի և քոլեջի ներսում: Ձեր այս ձեռքբերումները ինչպես ձեր ծնողների ավանդն է, այնպես էլ մեր պրոֆեսիոնալ դասախոսական կազմի, որին ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել: Դուք  Պլեխանովի անվան համալսարանի ուսանողներին վերաբերում եք  ինչպես ձեր հարազատ երեխաներին: 

Մաղթում եմ ամենակարևորը  համարձակ  քայլել կյանքի դժվար  ճանապարհով, վայելել կյանքը, բայց  և անընդհատ զարգանալ: Հիմնվեք հիմնարար արժեքների վրա, որոնց ձեզ սիրով փոխանցել են մեր դասախոսները ու նաև փորձեք  ոչ ստանդարտ մտածել, որովհետև դա զիլ է»,-նշեց Արման Վարդանյանը: 

 
 

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության  դեսպանատան խորհրդատու-բանագնաց, դեսպանության գործերի հավատարմատար  Մաքսիմ Վլադիմիրովիչ Սելեզնյովն իր խոսքն ուղղեց շրջանավարտներին՝ նշելով, որ Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանը բրենդ է: 

 

«Այն եղել է բրենդ ԽՍՀՄ տարիներին, հետո՝ Ռուսաստանում, իսկ այսօր այն Հայաստանում է, և  ես հույս ունեմ, որ  համալսարանի տնօրեն Թամարա Վարդանյանի և  հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանի ջանքերով՝  այս բրենդը միմիայն զարգանալու է: Բայց պետք է նշեմ նաև, որ որքան էլ  հեղինակավոր լինի դիպլոմը, այն չի ուղղորդելու, թե ինչպես ապրել,  այն  տալու է  միայն գործելու ուղղվածություն և ձեզանից է կախված,  թե ինչպես եք գնալու և ուր եք գնալու,  ինչպես եք կառուցելու Ձեր կյանքը և զարգացնելու  ձեր երկիրը»,-ասաց նա: 

Մաքսիմ Վլադիմիրովիչ Սելեզնյովը նշեց, որ  համալսարանի երևանյան մասնաճյուղի գլխավոր նպատակն այն է, որ  Հայաստանը  զարգանա Ռուսաստանի հետ միասին՝ որպես եղբայրական երկիր. երկու երկրները, միասին հաղթահարելով բոլոր խնդիրները, կառուցեն լուսավոր ապագա:  Նա  ավելացրեց նաև, որ շրջանավարտների շարքերում տեսնում է ապագա նախարարների և վարչապետերի: 

 

Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղերի  կենտրոնի տնօրեն Տատյանա Արկադևնա Պրոկովևան իր  շնորհավորական խոսքում հույս հայտնեց, որ աշնանը  շրջանավարտների մեծ մասին կտեսնի բուհի բակալավրիատում:

«Մենք ձեզ համար ունենք լավ նախաձեռնություններ, նոր նախագծեր: Մի  հետաքրքիր նախագիծ ունենք բակալավրիատի  ուսանողների համար, որը կոչվում է «Лидеры РЕУ»: Ձեզանից յուրաքանչյուրը կարող է մասնակցություն ունենալ դրանում: Մենք ամեն տարի, բուհի ֆինանսավորմամբ, մասնաճյուղերի լավագույն ուսանողներին հրավիրելու ենք համալսարանի գլխամասային կենտրոն՝  մեկ-երկու շաբաթ անցկացնելու Մոսկվայում, մասնակցելու այնտեղի մեր դասախոսների դասերին, ինչպես նաև շրջելու Մոսկվայի տեսարժան վայրերով: 

Ես մեկ նախագիծ ունենք՝ մեր գործընկեր  ձեռնարկություններում պրակտիկա անցնելու հետ կապված»,-իր խոսքում նշեց նա: 

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջին քարտուղար Մարիա Ալեքսանդրովնա Կորոտինան ևս ողջունեց շրջանավարտներին.

«Հարգելի′ շրջանավարտներ, շնորհավորում եմ բոլորիդ, այս կարևոր օրվա առթիվ,  մաղթում եմ  մեծ հաջողություններ և հետաքրքիր  նախաձեռնություններ  Ձեր   կյանքի  նոր սկսվող փուլում»: