Գ.Վ.Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի շրջանավարտների կյանքում օգոստոսի 9-ը նշանավորվեց կարևոր իրադարձությամբ՝ նրանց շնորհվեց «Պլեխանովեց» կոչվելու իրավունքը, ինչպես նաև հանդիսավորությամբ հանձնվեցին ավարտական դիպլոմները։
Միջոցառումն անցկացվեց Երևանում՝ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի դահլիճում, որտեղ շրջանավարտներին շնորհավորելու էին եկել, բացի հարազատ դասախոսական կազմից և տնօրինությունից, նաև ԲՈւՀ-ի Երևանի մասնաճյուղի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, հայտնի գործարար, բարեգործ, մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի անդամ Արտակ Թովմասյանը, հյուրընկալող կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին և ուրիշներ։
Հանդիսությանն անհամբեր սպասող շրջանավարտներին հնարավորություն տրվեց բազմաթիվ հարցեր ուղղել հյուրերին, ովքեր հաճույքով իրենց փորձը փոխանցեցին երիտասարդներին, նաև պատրաստակամություն հայտնեցին օժանդակել աշխատանքի տեղավորման հարցում։
Անկեղծ բարեմաղթանքների և անմիջական շփման մթնոլորտում խանդավառ շրջանավարտները համոզմունք հայտնեցին, որ Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղն այն հարազատ կրթօջախն է, որը հետագայում ևս փարոսի պես կլուսավորի իրենց ապագան։