Մանոայի Հավայան համալսարանի գիտնականները կարծում են, որ կլիմայի փոփոխությունը կխորացնի մարդկությանը հայտնի բոլոր պաթոգեն հիվանդությունների կեսից ավելիի տարածումը: Հետազոտողների աշխատանքը հրապարակվել է Nature Climate Change ամսագրում:
Հետազոտողները ուսումնասիրել են ջերմոցային գազերով պայմանավորված կլիմայական իրադարձությունների ազդեցությունը, ինչպիսիք են երաշտը, փոթորիկը և օվկիանոսի մակարդակի բարձրացումը մարդուն հայտնի բոլոր պաթոգեն հիվանդությունների վրա, ինչպիսիք են թոքաբորբը և մալարիան: Գիտնականները մշակել են ինտերակտիվ աղյուսակ, որը ցույց է տալիս որոշակի կլիմայական վտանգների և հիվանդությունների միջև կապը:
Այսպիսով, մարդուն հայտնի 375 պաթոգեն հիվանդություններից 218-ի վրա ազդում է առնվազն մեկ կլիմայական գործոն՝ 1006 ուղիներով: Օրինակ՝ տաքացումը և տեղումների փոփոխությունն ընդլայնում են հիվանդությունների փոխանցողների՝ մոծակների, տզերի, լուերի, թռչունների և որոշ կաթնասունների ներգրավվածությունը վիրուսային և բակտերիալ հիվանդությունների բռնկումներում:
«Կլիմայի փոփոխությունը ենթադրում է մարդկանց տարհանում և միգրացիա, ինչը մեծացնում է պաթոգենների հետ շփումները։ Օրինակ՝ փոթորիկները, ջրհեղեղները, ծովի մակարդակի բարձրացումը և հետագայում մեծ թվով մարդկանց տեղահանումը նպաստում են տենդի, գարդիազի, գաստրոէնտերիտի, խոլերայի, սալմոնելոզի, շիգելոզի, թոքաբորբի, տիֆի, հեպատիտի, շնչառական և մաշկային հիվանդությունների տարածմանը»,֊ հայտնում են հետազոտողները։
Գիտնականների կարծիքով՝ ուսումնասիրությունն ընդգծում է ջերմոցային գազերի կրճատման և ավելի կանաչ էներգիային անցնելու կարևորությունը։