Ժամանակ առ ժամանակ թեժանում են խոսակցությունները 2020 թ․ նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության դրույթների, դրանց իրարամերժության և հայկական կողմի համար առավելապես անընդունելի դրսևորումների մասին։
Ի թիվս այլ տարընթերցումների, մշտապես քննարկման առարկա է դառնում ռազմագերիների խնդիրը․ Բաքուն հայտարարում է, որ Հայաստանին է վերադարձրել բոլոր գերիներին, մինչդեռ հայկական կողմը պնդում և ապացուցում է, որ Ադրբեջանը հանիրավի շարունակում է պահել հայ ռազմագերիներին։
«Եռակողմ հայտարարության մեջ հատուկ կետ էր ներառվել ռազմագերիների վերադարձի մասին, ինչն ընդհանրապես պայմանագրային կարգավորման հարց չէր և չէր էլ կարող լինել, քանզի ռազմագերիների հանձնումը պայմանավորված չէ որևէ պետության հայեցողությամբ, այն արդեն իսկ սպառիչ կարգավորված է «Ռազմագերիների հետ վարվելակերպի» Ժնևի համաձայնագրով և որևէ պետության կողմից վերահաստատման կարիք չունի»,-ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։
Ավելին, ըստ մեր զրուցակցի, գործնականում պարզվեց, որ այս կետը ադրբեջանական կողմը ի սկզբանե չէր էլ պատրաստվում լիարժեք կատարել։
«Բաքուն տվյալ կետը փորձելու էր օգտագործել որպես շանտաժի միջոց՝ նախապես ստանալով ոչ միայն իր բոլոր ռազմագերիներին, այլև խաղաղ բնակիչներ սպանած և դատապարտված դիվերսանտներին։ Ցավոք, այդ հարցը տարբեր պատճառներով արդեն մոռացության է մատնվել»,-ընդգծեց Գևորգ Դանիելյանը։
Արա Ալոյան