Անցած հանգստյան օրերը հայաստանյան քաղաքական կյանքում նշանավորվեցին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության այցով։
Մինչ Հայաստանում, այդ թվում՝ իշխանական ու իշխանամերձ շրջանակներում գերիշխող են դառնում հակառուսական տրամադրությունները, մեր երկիր այցելած ամերիկացի կոնգրեսականները հասցեական դատապարտեցին Ադրբեջանի ռազմական ագրեսիան, հատուկ ընդգծեցին Վաշինգտոնի աջակցությունը ժողովրդավարական ուղին բռնած Երևանին, ինչպես նաև կարևորեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Որո՞նք էին Փելոսիի հայաստանյան այցի գլխավոր ուղերձները, և ի՞նչ կարևոր հետևություններ պետք է անեն ՀՀ իշխանությունները՝ Սպիտակ տան լիակատար աջակցությունը քաղաքական կապիտալի վերածելու համար։
«ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայաստանյան այցի կարևոր մեսիջներից մեկը, առաջին հերթին, այն էր, որ պաշտոնյան շատ հասցեական քննադատեց Ադրբեջանին։ Երկրորդ, միջազգային շատ լուրջ ուշադրություն դարձվեց այս տարածաշրջանի վրա։ Եվ վերջապես այն մեսիջները, որ Հայաստանից տրվեցին Փելոսիին, օրինակ՝ թե ինչպես է ԱՄՆ-ն պատրաստ աջակցել Հայաստանին, արդյոք պատրաստ է տրամադրել անվտանգային երաշխիքներ և այլն, ունեցան իրենց պատասխանները։ Փելոսին ասաց, որ ամեն ինչ կախված է Հայաստանից և մենք ինքներս պետք է հասկանանք, թե ինչ աջակցություն ենք ուզում Վաշինգտոնից»,-ԼՈՒՐԵՐ․ com-ին ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Մեր այն դիտարկմանը, թե ի՞նչ արձագանք սպասել Կրեմլից, երկու ուժային կենտրոններից ո՞վ ինչ խաղաքարտեր է բացել մեր տարածաշրջանում, միջազգայնագետն ասաց․
«Փելոսիի երևանյան այցին զուգահեռ, այս պահին Բաքվում է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և այս իմաստով յուրահատուկ հավասարակշռութուն է պահպանվում։ Վստահ չեմ, որ ռուս պաշտոնյան կայցելի Հայաստան, նաև տեղեկություններ չկան ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակի՝ Ադրբեջան հնարավոր այցի մասին»։
Սարգսյանի համոզմամբ, Ռուսաստանի արձագանքը կլինի հավասակաշռված, քանի որ Փելոսիի այցն անակնկալ չէր և վաղուց էր ծրագրված։
Արա Ալոյան