Մեկ գնդակ հազար թերթի ու ճառի ուժ ունի, ասում էր Շահան Նաթալին։ Մերօրյա հերոս տղերքը, որ, բարեբախտաբար, հեռու են անիմաստ ճառելու հավակնություններից՝ գործով ու, ցավոք, երբեմն՝ անձնական կյանքով են ապացուցում զենքի ու ճիշտ նշանակետին արձակված գնդակի արժեքը։
Պատերազմներից չսպիացող մեր վերքերն ամեն անգամ թարմանում են նոր, լուսավոր հայորդու զոհվելու լուրից։ Նրանցով է այլևս քարտեզագրվում, սրբագծվում մեր սրտաչափ հող Հայրենին՝ անկախ նրանց ծննդավայրից, մարտադաշտից ու այլ հանգամանքներից։
Հրազդանում ծնված Նորայր Պետրոսյանը հորաքրոջ որդու՝ Սասուն Կարապետյանի հետ նույն օրն էր զորակոչվել բանակ՝ 2021 թ․ հունիսի 24-ին։ Ինքը Գորիսում էր ծառայության անցել, Սասունը՝ Կապան։ Ցավոք, ճակատագիրը նրանց միայն այդ հարցում չբաժանեց․ ընտանիքի միակ տղան՝ Նորայրը, քաջի մահով ընկավ Իշխանասարում՝ սեպտեմբերի 13-ին ադրբեջական հերթական ռազմական գրոհից հետո, իսկ նրա հորաքրոջ որդին՝ գերեվարվեց ․․․
«Շատ աշխույժ, ընկերասեր, ընտանիքասեր տղա էր։ Վախ ու սարսափ չուներ։ Սիրով է բանակ գնացել։ Ասում էր'մենք ուժեղ ենք։ Հարցնում էին' ո՞նց, պատասխանում էր'ճիշտ է, զենք չունենք, բայց մենք շա՜տ ուժեղ ենք»,- ԼՈՒՐԵՐ․ com-ի հետ զրույցում պատմեց Նորայրի բարեկամուհին։
Հենց այդ հավատամքով էլ երիտասարդը մեկնեց բանակ ու մարտնչեց թշնամու դեմ․ 19-ամյա Նորայրին հուղարկավորել են Հրազդանում, Ջրառատի եղբայրական գերեզմանոցում։
Արա Ալոյան