ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հոկտեմբերի 14-ի առավոտյան ընդունել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ ընթացել է կառուցողական բովանդակային զրույց:
Նախարարությունից փոխանցեցին, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստին մասնակցելու է ոլորտը համակարգող ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Նախարար Դումանյանը չի կարող մասնակցել նիստին՝ ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով պայմանավորված:
Հոկտեմբերի 14-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում նախատեսված է գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որը վերաբերելու է բուհերի խոշորացմանը և մասնավորապես՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու շուրջ հարցի քննարկմանը:
Նախարար Դումանյանը հոկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ շրջանառվում է 3 բուհի միավորման որոշում: