Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ նախկին Ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանում հայտնաբերվել է 56 ՀՀԿ անդամատոմսեր։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊԼՀ «Ռեստարտ» նախաձեռնության հիմնադիր անդամ Սաթենիկ Հակոբյանը:
Վերջինս պատմեց, որ ԿԳ նախարարության կողմից Ուսանողական խորհրդի լուծարված լինելու փաստը հաստատվելուց հետո ԲՈւՀ-ի ղեկավարությունը Ուսանողական խորհրդի անդամներին խնդրել է լքել սենյակը և այնտեղից դուրս հանել ՈւԽ-ի տնօրինության տակ գտնվող գույքը:
«Գույքից մնացած միակ բանը սեյֆն էր, որի բանալիները ՈւԽ նախկին նախագահ Ռոզա Հակոբյանը հրաժարվում էր տրամադրել, որտեղ պետք է լինեին համալսարանին պատկանող երկու նոթբուք և ֆոտոխցիկ: Հանձնաժողով կազմվեց և կտրող գործիքի օգնությամբ բացվեց սեյֆը, որտեղից հայտնաբերվեց ՀՀԿ 56 անդամատոմս, որոնք պատկանել են ՈւԽ անդամներին»,- ասաց Սաթենիկ Հակոբյանը:
Նա նշեց՝ փաստորեն, ԵՊԼՀ նախկին ուսանողական խորհուրդը ծավալել է կուսակցական գործունեություն՝ խախտելով օրենքը. «Նախկին ՈւԽ-ն ծավալել է կուսակցական գործունեություն` խախտելով ապակուսակցականության սկզբունքը։ Ռուզաննա Հակոբյանն ասում էր, որ իր կուսակցական գործունեությունը դադարեցրել է, երբ դարձել է ՈւԽ-ի նախագահ, ինչը հերքող փաստաթուղթ մենք գտանք հենց նրա սեղանից: Մի խոսքով, հայտնաբերել ենք տարբեր նկարներ, տեսանյութեր ՀՀԿ քարոզարշավից, անդամակցության փաստաթղթեր, որտեղ նշվում էր, որ եթե ուսանողը անդամակցի շատ լավ կլինի իր համար, արտերկրում ծրագրերի կմասնակցի, վարձը կզեղչվի և այլն»,- նշեց Սաթենիկ Հակոբյանը:
Հավելենք, որ առաջիկայում տեղի են ունենալու ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նոր ընտրություններ՝ ԿԳՆ֊ի կողմից հաստատված նոր կանոնադրությամբ։
Սոնա Հարությունյան