Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնը մի քանի անգամ, տարբեր առիթներով հրապարակավ հայտարարել է, որ իր երկիրը Հայաստանի կողքին պինդ կանգնած է ու կպաշտպանի հայերին։ Ի՞նչ արժեն նրա այդ խոսքերը։
Եվ այսպես՝
1. 2020 թ. ապրիլի 24-ին Է. Մակրոնը հայտարարեց.
«Հայերը կարող են հույս դնել Ֆրանսիայի բարեկամության վրա։
... Հավատարիմ իր հանձնառություններին՝ Ֆրանսիան հայերի կողքին է խաղաղության և բարգավաճման հասնելու նրանց իղձերի մեջ։
...Այսօր Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է ...լուրջ դաս քաղելու պատմության այդ ողբերգական էջից (իմա՝ Հայոց ցեղասպանությունից – Ա.Ա.)» (https://www.azatutyun.am/a/30574427.html)։
Եվ ի՞նչ. 2020 թ. սեպտեմբերին Ադրբեջանը՝ Ֆրանսիայի նատոյական դաշնակից Թուրքիայի ուղղակի մասնակցությամբ հարձակվեց Արցախի և Հայաստանի վրա և էթնիկական զտումների ենթարկեց հինավուրց հայկական գավառները։ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը Ֆրանսիայից չստացավ գեթ մեկ փամփուշտ, ոչ էլ լուրջ դիվանագիտական աջակցություն։ Ընդհակառակը՝ 2020 թ. հոկտեմբերի 1-ին ԵՄ-ն, որտեղ Ֆրանսիան առանցքային դերակատարություն ունի, հատուկ դատապարտեց Գանձակի, բայց ոչ Ստեփանակերտի ու հայկական մյուս բնակավայրերի հրթիռակոծումը (https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02WQGJS4CMDESCQyB1B2VL3orMZheTgEhqaxHsB3r1DvVBjENRiGo7wk7KaZ3yEowl&id=100015837611475; https://www.eeas.europa.eu/eeas/azerbaijan-statement-spokesperson-strikes-city-ganja_en)։
2. 2021 թ. դեկտեմբերի 16-ին Է. Մակրոնն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում էր կատարել, որի առաջին իսկ նախադասությամբ պաշտոնապես հայտարարում էր. «Մենք երբեք չենք լքի հայերին» [Jamais nous n’abandonnerons les Arméniens] (https://twitter.com/EmmanuelMacron/status/1471276734888697861?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1471276734888697861%7Ctwgr%5E88a18228ca969da1e7724be66bf135f1dde37d56%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.1lurer.am%2Fhy%2F2021%2F12%2F16%2FD596D680D5A1D5B6D5BDD5ABD5A1D5B6-D5A5D680D5A2D5A5D684-D5B9D5AB-D5ACD684D5AB-D5B0D5A1D5B5D5A5D680D5ABD5B6-D584D5A1D5AFD680D5B8D5B6%2F624994)։
Թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո՝ հայտնի է. Ադրբեջանն այդպես էլ չվերադարձրեց հայ ռազմագերիներին, խոշտանգեց նրանց ու շատերին սպանեց, նոր լայնածավալ հարձակումներ գործեց Հայաստանի դեմ, ռմբակոծեց մեր քաղաքներն ու գյուղերը, կատարեց այլանդակ ռազմական հանցագործություններ ու տասնյակ քառակուսի կիլոմետրեր բռնազավթեց Հայաստանի Հանրապետության տարածքից։
Ի՞նչ արեց «հայերի կողքին կանգնած» Ֆրանսիան։ Ընդամենը ադրբեջանական ագրեսիան դատապարտող մի քանի անատամ հայտարարություն։ Իսկ Հայաստանը Ֆրանսիայից դարձյալ չստացավ ռազմական որևէ օժանդակություն։
3. Մի քանի օր առաջ էլ՝ 2022 թ. հոկտեմբերի 13-ին Մակրոնը կրկին շեփորահարեց. «Հայաստանը մի երկիր է, որի հետ մենք յուրահատուկ կապ ունենք... մենք նրանց չենք լքել։ Հայաստանի ժողովրդի հետ մենք միշտ ենք եղել...» (https://www.hetq.am/hy/article/149246)։
Թե ի՞նչ կարող է տեղի ունենալ նրա այս վերջին հայտարարությունից հետո՝ ավելի լավ է չգուշակենք։
Մակրոնի դատարկ հայտարարություններն ու Հայաստան ժամանող ԵՄ անպիտան դիտորդական առաքելությունը չեն կարող զսպել ադրբեջանաթուրքական ագրեսիան։
Մակրոնին կարելի կլիներ վստահել միայն այն դեպքում, եթե Հայաստանը Ֆրանսիայից զենք ու զինամթերք ստանար, այն էլ՝ մեծ քանակությամբ։ Ադրբեջանի սպասվող ագրեսիան հետ մղելու համար մեզ դա՛ է անհրաժեշտ։ Նրան կարելի էր վստահել, եթե Ֆրանսիան Ադրբեջանի դեմ կիրառեր տնտեսական պատժամիջոցներ, որոնք ևս ընդունակ են որոշակի ազդեցություն ունենալ։ Բայց նմանատիպ մտադրություններ Մակրոնը չունի։ Էլ ինչի՞ մասին է խոսքը»: