Սեպտեմբերին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ-ն առաջադրելու է կուսակցության տարածքային կառույցի ղեկավար, Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի ներկայացուցչության ղեկավար Արմեն Բադեյանի թեկնածությունը. այս մասին հայտարարել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պարոն Բադեյանը նշեց, որ ինքը շնորհակալ է տիկին Զոհրաբյանին վստահության համար, սակայն անձամբ դեռ որոշում չի կայացրել այս կապակցությամբ:

 

Հավանական է` մերժի առաջարկը, քանի որ Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությամբ չզբաղվելու որոշումը մեծապես ազդել է իր` սպորտի վրա կենտրոնանալու որոշման վրա: Պարոն Բադեյանի դիտարկմամբ` Գագիկ Ծառուկյանի ղեկավարման շրջանում ԲՀԿ-ն այլ էր, հիմա՝ այլ: «Ես մշտապես կանգնած եմ եղել Գագիկ Ծառուկյանի կողքին, և այդպես կլինի նաև ապագայում: Ինչ որոշում էլ կայացնի պարոն Ծառուկյանը, դա կլինի ճիշտ որոշում»,- նշեց Արմեն Բադեյանը: