ԼՈւՐԵՐ.com-ի հարցազրույցը քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ.
-Պարո՛ն Բադալյան, մարտի 25-ին ՀՀ-ում էին Ռուսաստանի 3 տասնյակ հայ գործարարներ՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: Ձեզ վստահություն ներշնչո՞ւմ է ստեղծված ներդրողների ակումբը:
-Սա նախընտրական PR տեխնոլոգիա է ընդամենը: Եկեք հիշենք, որ ավելի վաղ էլ էր խոսվում ռուս-հայկական ներդրումային ծրագրերի մասին, որոնք, սակայն, մենք այդպես էլ չտեսանք: Հիմա էլ հերթը ներդրողների ակումբինն է, որը ես համարում եմ ներկայիս գործող իշխանության և, մասնավորապես, վարչապետ Կարեն Կարապետյանին սատարող PR արշավ, ուրիշ ոչինչ:
-Դեռևս մարտի 3-ին Ռուսաստանում ստորագրվեց հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ, որի առաջին ներդրողը՝ ռուսական կողմը 50 միլիոն դոլարի ներդրում է արել. սա է՞լ եք համարում վարչապետի աջակցման PR ակցիա:
-Միանշանակ այդպես է, որովհետև արդեն տևական ժամանակ է՝ հասարակությունը խոստումներից այն կողմ՝ ոչինչ չի տեսնում: Հերթական ներդրումների չափերի և ոլորտների մասին խոսքերն էլ կմնան միայն թղթի վրա՝ գործի չվերածվելով: Ակնհայտ է, որ հասարակության մեջ այդ նախաձեռնությունների վերաբերյալ իսպառ բացակայում է վստահությունը:
-Արդյո՞ք Սամվել Կարապետյանին ու նրա հետ Հայաստան այցելած հայ գործարարներին չի հաջողվի այդ վստահությունը վերականգնել:
-Կարծում եմ՝ ոչ, նրանց չի հաջողվի, որովհետև հասարակությունը հիշում է 2008 թ.-ից Սամվել Կարապետյանի խոստացած 300 միլիոնի ներդրումների խոստումների մասին, որոնք այդպես էլ իրականություն չդարձան: Հասարակությունն իր վստահությունը չի տա նրանց, քանի որ բազմիցս համոզվել է՝ խոստումներն իրատեսական չեն: Մեր ժողովուրդն այնքան խխոստումներ է լսել, որ որևէ խոստման նկատմամբ այլևս հույս չի կապում: Հասարակությունը գտնվում է շատ վատ վիճակում, տնտեսապես ծանր կացությունը նրանց զրկել է նաև ամեն տեսակ հույսերից: Քաղաքացին չի հավատում իշխանությանը, և, հետւաբար, նմանատիպ հանդիպումները նրան ոչ մի բան տալ չեն կարող՝ հատկապես այն ֆոնին, երբ մյուս կողմից կա դաշինքներից մեկի ղեկավարը, ով խոստումների փոխարեն՝ քաղաքացու հարցերով զբաղվում է շատ կոնկրետ, գործնական քայլերով:
-Ո՞վ է այդ ղեկավարը, ո՞ր դաշինքի մասին է խոսքը:
-Ես խոսում եմ «Ծառուկյան» դաշինքի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին: Բոլորն էլ տեսնում են այս դաշինքի բազմամարդ հավաքները: Գագիկ Ծառուկյանը խոստումներ չի տալիս, կոնկրետ և գործնական քայլերով է առաջնորդվում: Նա անմիջականորեն է շփվում քաղաքացու հետ, տեղեկանում նրա խնդրին: Քաղաքացին իր մաշկի վրա զգում է այդ կոնկրետ կատարողականի և վերացական խոստումների տարբերությունը: Հասարակությունը վստահում է Գագիկ Ծառուկյանի՝ այդ կոնկրետ գործին, կոնկրետ կատարողականին, ոչ թե PR արշավների կամ ինչ-ինչ խոստումների:
Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի