Այսօրվանից երթևեկության կանոնների նկատմամբ էլեկտրոնային հսկողության համակարգը՝ արագաչափերը, տեսախցիկները, որոնք վարձակալությամբ տրված էին մասնավոր ընկերությանը, վերադարձվում են ՀՀ ոստիկանությանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք դա վերադարձնում ենք պետական կառավարման ոլորտ, ոստիկանությունում ստեղծվել է ՊՈԱԿ, ու այսօրվանից մենք լիարժեք հանձնման-ընդունման գործըթնացը իրականացրել ենք», - ասաց նա:
Ոստիկանապետ Վահե Ղազարյանն էլ ասաց, թե այսօրվանից համակարգի կառավարումն իրականացվում է նոր ստեղծված ՊՈԱԿ-ի կողմից:
«Մեկ-երկու օրվա ընթացքում հանձնում-ընդունումը լրիվ կավարտենք: Ասեմ ավելին՝ «Սեքյուրիթի դրիմ»-ի աշխատակիցների 99 տոկոսը՝ 451 աշխատակից, հրամանագրվել են ՊՈԱԿ-ում՝ աշխատանքը շարունակելու համար», - նշեց ոստիկանապետը:
Հիշեցնենք՝ դեռ 2022 թվականի հուլիսի 14-ի կառավարության նիստում ընդունվեց Հայաստանում «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին որոշումը: Այդ օրը Փաշինյանը հայտարարեց՝ «Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է: