Հոկտեմբերի 30-ին և 31-ին «Դվին մյուզիք հոլ»-ում անցկացվում էր «Նոր դարաշրջան-արդյունավետ կրթություն» խորագրով հայ-ռուսական համագումար, ուր ՌԴ-ից ժամանած կրթության ոլորտում առաջատար մասնագետներն ու հայ գործընկերները փորձի փոխանակում էին կատարում:

Միջոցառման ընթացքում Yerkir.am-ը հանդիպեց հասարակական գործիչ Արտակ Թովմասյանին, ում էլ մի քանի հարց ուղղեցինք՝ կապված ՌԴ պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ ՀՀ մուտքի արգելքի վերաբերյալ։

 

Արտակ Թովմասյանից հետաքրքրվեցինք՝ ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ Զատուլինն այլևս անցանկալի անձ է Հայաստանում. «Մեր կողմից, որպես ժողովրդավար երկիր, ճիշտ մոտեցում չէ: Բավականին բացասական եմ վերաբերվում հայ ժողովրդի բարեկամի հանդեպ դրսևորած այդ քայլին և հուսով եմ՝ անպայման կշտկվի առաջացած խնդիրը»։

 
 

Հարցին՝ արդյո՞ք սա Հայաստանում ծագող հակառուսականության աղբյուրն է, Թովմասյանը պատասխանեց. «Հակառուսականությունը Հայաստանում վաղուց է ծագել և զարգացել, իսկ այսօր նպաստավոր պայմաններ են ստեղծվում էլ ավելի զարգացնելու համար։ Պարզապես հայ ժողովուրդը պետք է հասկանա, թե որն է իր ընտրությունը խոշորների պայքարում։ Երբ ասում են «Ռուսական առաջարկ» և «Վաշինգտոնյան տարբերակ» ՀՀ քաղաքացին պետք է իր իշխանությունից պահանջի այդ տարբերակների բացվածքը։ Հայ ժողովուրդը պետք է հասկանա՝ որն է իր ընտրությունը, և յուրաքանչյուրի կողմից ինչ փաթեթ է իրեն առաջարկվում: Կառավարությունն էլ իր հերթին պետք է թույլ չտա՝ Հայաստանը դառնա մեծ խաղացողների հետաքրքրությունների թատերաբեմ: Աչքերը կապած ընտրություն կատարելը հանգեցնելու է նոր արյունալի դեպքերի։ Հայ ժողովուրդը գոնե մեկ անգամ այլոց սխալների վրա պարտավոր է սովորել՝ տեսնելով՝ ինչ կատարվեց Վրաստանի, Ուկրաինայի և այլ պոստսովետական երկրների հետ։ Սա երկար քննարկման նյութ է, որին մի օր ավելի ծավալուն կանդրադառնամ»։