Ադրբեջանն իր սպառազինության բարձր մակարդակով փորձում է որոշակի շանտաժի միջոցով բանակցային գործընթացում միջավայր ձևավորել, որպեսզի իր հետ հաշվի նստեն, ինչն, ըստ ՀՀ ԱԺ պատգամավոր (ՀՀԿ), Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի, հնարավոր չէ, քանի որ բանակցություններն ունեն տրամաբանություն, կետեր և սկզբունքներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորի հենց այդ հանգամանքով է պայմանավորում սահմանին իրավիճակի լարվածության մեծացումը: Միաժամանակ, Զաքարյանը հիշեցնում է հակամարտության կարգավորման սկզբունքներից ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, որի իրացումն անբեկանելի իրավունք է: «Հակամարտության լուծումը տրվելու է հաշվի առնելով հենց այդ իրավունքը, և Ադրբեջանն իր ներքին լսարանի և միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելու համար գնում է այդ ուղով, ինչը անթույլատրելի է երկու պայմանով: Նախ, որովհետև Ադրբեջանի ակնկալիքն իրականություն չի դառնա, որովհետև հայկական զինված ուժերը հսկում են իրավիճակը սահմանի ողջ երկայնքով: Բացի այդ, բանակցային գործընթացը չի տրվում շանտաժի, քանի որ եռանախագահողները հստակ հասկանում են Ադրբեջանի լեզուն և լավ պատկերացնում են, թե ինչ է ցանկանում Ադրբեջանն ստանալ»,- շեշտեց Զաքարյանը' հավելելով, որ Ադրբեջանը կարող է իր ակնկալիքները ստանալ միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով: Միաժամանկ, պատգամավորն ընդգծեց, որ այս առնչությամբ աշխատանքի իր բաժինն ունի նաև միջազգային հանրությունը:
«Միջազգային հանրությանը կոչ ենք անում, որ Ադրբեջանին շարունակ պահի ուշադրության կենտրոնում և թույլ չտա, որ Ադրբեջանը խեղաթյուրի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Միջազգային հանրությանը կոչ ենք անում, որ աջակցի Մինսկի խմբի ձևաչափին և մոլորության մեջ չհայտնվի Ադրբեջանի կեղծ գործողություներից: Միջազգային հանրությունը, նրանք, ովքեր շահագրգիռ են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմամբ, պետք է պարտադրեն Ադրբեջանին, որ այն պահպանի հրադադրի ռեժիմը, արկածախնդության չգնա և չսրի սահմանին իրավիճակը»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Բաքվում Եվրոպական խաղերի ավարտից հետո հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմանին հանգիստ չէ: Հատկապես խոշոր տրամաչափերի զենքերով Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմն ու մեծացնում լարվածությունը սահմանին: