ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացը դանդաղում է, դեռ չի հաջողվում շարժվել այդ ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, վերջին շրջանում շփման գծում իրավիճակը բավականին հանգիստ է, միջադեպերը քիչ են, և կան փոքր խախտումներ։ Տեղի է ունեցել զոհերի դիերի փոխանակում, նախապատրաստվում է շատ փոքր թվով ձերբակալված անձանց փոխանակումը, այնուամենայնիվ, ինչ-որ գործընթաց տեղի է ունենում։ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, սերտորեն և բարեկամորեն համագործակցում են։ Այս տարի արտգործնախարարների հետ արդեն եղել է երեք հանդիպում, այդ թվում՝ ապրիլին, Մոսկվայում, իմ մասնակցությամբ։ Ինչ վերաբերում է սահմանում մթնոլորտին, ես կասեի, որ այն այժմ ավելի հանգիստ է, քան մեկ տարի առաջ, սակայն քաղաքական գործընթացը դանդաղում է և դեռևս այդ խոչընդոտներից դուրս գալ չի հաջողվում»,-ասել է Լավրովը։
Նա նշել է, որ կողմերը հանդես են գալիս լուրջ հայտարարություններով, որոնք չեն օգնում ստեղծել քաղաքական գործընթաց ստեղծելու մթնոլորտ․ «Բայց մենք, որպես համանախագահներ, միասին աշխատում ենք ամերիկացիների և ֆրանսիացիների հետ։ Փառք Աստծո, սա, հավանաբար, այն եզակի իրավիճակներից է, երբ մենք ունենք բոլորովին միասնական տեսլական, ունենք հիմնական փաստաթղթեր։ Մենք չենք ցանկանում դրանք վերանայել, ուզում ենք այդ բազային սկզբունքների հիման վրա, որոնք բազմիցս քննարկվել են, լուծում գտնել: Բայց լուծումը պետք է գտնել, իհարկե, ուղիղ երկխոսության միջոցով»,-ասել է նա՝ հավելելով, որ կապ կա, բայց հակամարտության կարգավորման շուրջ երկխոսությունը դեռևս չի վերսկսվել․ «Սակայն ես այստեղ ակնհայտ կամ ոչ ակնհայտ սպառնալիք չեմ տեսնում, որ լուրջ մարտական գործողություններ վերսկսվեն»,-եզրափակել է իր խոսքը Լավրովը։