Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը տարբերվելու է նախորդներից, քանի որ համապատասխան գերտերությունների մոտ էլ քաղաքական կամք է նկատվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:
«Պարզապես մենք պետք է ի նկատի ունենանք, որ մեր հակառակորդն անկանխատեսելի է, և մենք նախորդ տարիների ընթացքում երբեք չենք տեսել, որ հակառակորդն իր տված խոստումները պահպանի: Ես կարծում եմ, որ պետք են այլ մոտեցումներ: Եթե Ադրբեջանը հերթական անգամ գնա սադրանքների, ապա պետք է լինեն հասցեական գնահատականներ, մեզ հետ համագործակցող երկրները պետք է համապատասխան գնահատական տան Ադրբեջանի գործողություններին և միջազգային հանրությանը տեղյակ պահեն, թե իրականում ով է ագրեսորը»,- նշեց Բաղդասարյանը:
Նա հավելեց, որ հայկական կողմը երբեք չի ցանկանում, որ ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծվի: Նա հիշեցրեց, որ հայկական կողմը մշտապես հայտարարել է, որ կողմնակից է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: