Ճարտարապետական Սանսինդույ («Երեք աստղերի բլուր») հուշարձանի տարածքում բազմաթիվ հնագույն արտեֆակտներ են հայտնաբերվել։ Այս մասին հոդվածը հրապարակվել է Antiquity-ում։
Սանսինդույը գտնվում է Սիչուան նահանգի Գուանհան շրջանում։ Այն կառուցել են բրոնզեդարյան մշակույթի ներկայացուցիչները, իսկ բլուրը հայտնաբերվել է 1928 թվականին, երբ ֆերմերը ոռոգման ակոս փորելիս գտել է նեֆրիտային արտեֆակտների մեծ պահոց: 1980-ականներին այնտեղ հայտնաբերել են զոհաբերական 1-ին եւ 2-րդ փոսերը, որոնք պարունակում էին բազմաթիվ արժեքավոր իրեր։
Վերջերս կատարած ուսումնասիրության ընթացքում հնագետները հայտնաբերել են 6 նոր ուղղանկյուն փոսեր, որոնց չափերը 3,5-20 մետր քառակուսի են: «Արտեֆակտները թաղված են եղել շերտերով՝ 3-րդ, 4-րդ, 7-րդ եւ 8-րդ փոսերում, փղոսկրը հիմնականում դրված է եղել վերին շերտերում, իսկ բրոնզե արտեֆակտները՝ ստորին շերտերում»,- գրում են հեղինակները: Փոս 5-ում գերակշռել են փոքր ոսկյա եւ փղոսկրյա իրերը, մինչդեռ 6-րդ փոսում եղել է փայտե սնդուկ՝ կարմիր ներկով:
Հայտնաբերված բրոնզե առարկաները հիմնականում անոթներ եւ արձանիկներ են, նոր արտեֆակտներից շատերը տարբերվում են 1-ին եւ 2-րդ փոսերում հայտնաբերվածներից: Հնագետները գտել են նաեւ ոսկե փայլաթիթեղի զարդեր, շրջանների եւ թռչունների տեսքով, ինչպես նաեւ՝ Շանգ եւ Չժոու դինաստիաների (մ.թ.ա. 1554-1046 եւ 1045-221 թթ.) ոսկե դիմակ:
Հետազոտողները կարողացել են ավելի լավ հասկանալ Սանսինդույի մշակույթի զոհաբերության սովորույթը, ինչպես նաեւ թարմ հայացք նետել հին Չինաստանում արժեքների փոխանակմանը: Հեղինակները հույս ունեն, որ հետագա հետազոտությունները կօգնեն համակարգել գտածոները: