Արցախի Հանրապետության ղեկավարությունը պետք է համապատասխան աշխատանք տանի Ռուսաստանի Դաշնության և խաղաղապահների հրամանատարության հետ՝ ադրբեջանական սադրանքները բացառելու համար:
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով ադրբեջանական հերթական սադրանքին՝ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին փակելու միջադեպին:
«Ադրբեջանը շարունակում է Հայաստանի դեմ ճնշումները, հայտարարելով, որ իրենք ներկայացրել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ձևավորման 5 կետերը և այդ 5 կետերը Հայաստանը պետք է կատարի, եթե, ոչ, իրենք գնալու են իրենց խնդրի կատարմանը՝ մինչև վերջ»,- ասաց Օհանյանը:
«Հայաստան» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ Ադրբեջանի սադրանքներն Արցախում և Արցախի շուրջ, լինելու են նաև հետագայում:
«Եթե հիշում եք, ասում էին, որ այդ ճանապարհով զենք-զինամթերք, ականներ է տեղափոխվում: Մեր գործընկերներից մեկն ասաց, որ սա հիմք է ստեղծում լայն վերահսկողություն իրականացնել այդ միջանցքի նկատմամբ: Մինչդեռ, նույնիսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ այդ միջանցքը պետք է լինի համապատասխան լայնությամբ և պահպանվի կապը Հայաստանի և Արցախի միջև:
Կուլ գնալ Ադրբեջանի ներկայացրած կամ թելադրված խաղաղության կեղծ օրակարգին, միակողմանի գնալ զիջումների, չներկայացնել Հայաստանի շահերը, չապահովել անվտանգությունը, ընդհակառակը՝ բերելու է Ադրբեջանի կողմից սադրանքների, ընդ որում՝ Արցախի շուրջ:
Արցախի Հանրապետության ղեկավարությունը պետք է համապատասխան աշխատանք տանի Ռուսաստանի Դաշնության և Ռուսաստանի խաղաղապահների հրամանատարության հետ»,- ընդգծեց Օհանյանը:
Դեկտեմբերի 3-ին հայտնի էր դարձել, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին՝ ակնհայտ է, որ
Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի
միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար: Արցախում տեղակայված
ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուները
բանակցություններ էին վարում ադրբեջանական կողմի հետ՝
Ստեփանակերտ-Գորիս մայրուղին բացելու հարցով:
Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած
բանակցությունների արդյունքում Արցախը Հայաստանին կապող միակ
մայրուղին երկկողմանի բացվել էր: