Ուկրաինայի տարածաշրջանների զարգացումը տեղի կունենա բացառապես ունիտար պետության շրջանակներում՝ դրանց տնտեսական պատասխանատվության և իրավունքների ուժեղացման ճանապարհով:

 

Այդ մասին տեղեկացնում է Ուկրաինայի խորհրդարանի մամուլի ծառայությանը, մարտի 31-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը:

 

«Այսօր Ուկրաինայում ոչ մի նախադրյալ չկա նրա դաշնայնացման համար,-նշել է Տուրչինովը: -Ուկրաինան ունիտար պետություն է, և մենք վարում ենք մեր տարածաշրջանների ինքնուրույնության և պատասխանատվության ուժեղացման քաղաքականություն, առաջին հերթին՝ տնտեսական»:

 

«Տարածաշրջանները պետք է ուժեղ լինեն, ինքնուրույն որոշեն իրենց հեռանկարը, ինչպես դա տեղի է ունենում Եվրոպայի բազմաթիվ քաղաքակիրթ երկրներում: Այդ ճանապարհով ենք մենք ընթանալու»,-ասել է Տուրչինովը:

 

Նրա խոսքով՝ Ուկրաինայի քաղաքացիները, նրա իշխանությունն իրենք կորոշեն իրենց ապագան: «Դա գլխավոր դիրքորոշումն է, որը պաշտպանվեց Մայդանում: Հենց ուկրաինացիները կորոշեն երկրի նոր Սահմանադրության ձևաչափն ու երկրի կացութաձևը»,-հայտարարել է Տուրչինովը, հավելելով, որ «պարոններ Լավրովը, Պուտինը, Մեդվեդևը կարող են ամեն տեսակ նախագծեր առաջարկել Ռուսաստանի Դաշնության համար»:

 

«Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը պետք է զբաղվի Ռուսաստանի Դաշնության խնդիրներով, այլ ոչ թե Ուկրաինայի խնդիրներով»,-նշել է նա:

 

Ավելի վաղ ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ամփոփելով ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ Փարիզում կայացած բանակցությունների արդյունքները, նշել Է. «Մենք պայմանավորվեցինք աշխատել Ուկրաինայի կառավարության հետ, որպեսզի հասնենք այնպիսի առաջնային միջոցառումների իրականացմանը, ինչպիսիք են ազգային փոքրամասնությունների իրավունքների, լեզվական իրավունքների ապահովումը, սադրիչների զինաթափումը, սահմանադրական բարեփոխման իրականացումը և ազատ ու արդար ընտրությունների անցկացումը միջազգային անաչառ հսկողության ներքո»:

 

«Մենք համոզված ենք, որ դաշնայնացումը այդ բարեփոխման շատ կարևոր բաղադրիչն է, ամենից գլխավորը Ուկրաինայի միասնության ապահովումն է երկրի՝ առանց բացառության բոլոր տարածաշրջանների շահերի հաշվառմամբ: Որպեսզի այդ երկիրը գործի որպես միասնական պետություն, անհրաժեշտ է տարածաշրջանների միջև գտնել փոխզիջումներ, փոխհամաձայնություն»,-հայտարարել է նախարարը:

 

Իր հերթին, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամային իրադրության կարգավորումը պետք է տեղի ունենա այդ հանրապետության ժամանակավոր իշխանությունների անմիջական մասնակցությամբ: Ինչպես ընդգծել է Քերին, ԱՄՆ-ը մտադիր չէ որոշումներ ընդունել ուկրաինական կողմի փոխարեն, սակայն Վաշինգտոնը պատրաստ է «նպաստավոր պայմաններ ստեղծել բանակցությունների համար»:

 

Նա նաև նշել է, որ Ուկրաինայի հնարավոր դաշնայնացման հարցը պետք է լուծի ուկրաինական կողմը: «Մենք չէ, որ պետք է որոշում ընդունենք դաշնայնացման պայմանագիր կնքելու վերաբերյալ, դա պետք է անի ուկրաինական կողմը,- ասել է պետքարտուղարը:- Բնականաբար, դրա հետ մեկտեղ Ուկրաինային անհրաժեշտ կլինի հաշվի առնել Ռուսաստանի կարծիքը, որը վաղեմի կապեր ունի այդ երկրի հետ և իր շահերն ունի Ուկրաինայում»: