ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին։ Այս մասին որոշման նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովում:
Նախագծին կողմ քվեարկեց 62 պատգամավոր, 28՝ դեմ:
Պետական պահպանության ծառայության պետին կնշանակի վարչապետը, իսկ նրա՝ զինվորական պաշտոն զբաղեցնող տեղակալին՝ ՀՀ նախագահը:
Նոր օրենքով երեք պաշտոնյայի կհատկացվի պետական պահպանության ծառայություն՝ նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին: Ըստ իրավիճակի, սակայն, կարող է անհրաժեշտություն լինել այլ պաշտոնյաների էլ հատկացնել պետական պահպանության ծառայություն, բայց դա կորոշի միայն վարչապետը:
Բացի այդ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայում օրենքի ուժով Հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը և այն տարածել նաև Ազգային ժողովի նախագահի վրա: