Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին: Oրինագծերին կողմ քվեարկեց 65, դեմ՝ 41, ձեռնպահ՝ 2 պատգամավոր:

 

Օրենքի նախագծերով առաջարկվում է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, այդ թվում' տրանսպորտի տեխնիկական սպասարկման եւ նորոգման, արարողակարգային ծախսերի, այդ թվում' պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների նպատակով միջոցառումների սպասարկման ծախսերը իրականացնել գաղտնիության պայմաններում: Հիմնական զեկուցող, ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը նշեց, որ նախագծի նպատակը պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովումն է:

 

Վերը նշված անձանց անվտանգության լիարժեք ապահովման նպատակով անհրաժեշտ է նաեւ խիստ հսկողություն սահմանել եւ գաղտնիության պայմաններում իրականացնել նրանց սննդի ձեռքբերման, կեցության եւ տրանսպորտային սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի հետ կապված գործառնությունները: Նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել «Գնումների մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություն' նախատեսելով, որ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասով սահմանված հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի իրականացման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները նույնպես ներառվելու են պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների պլանում' համապատասխան լրացում կատարելով նաեւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում: