Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն երկրի խորհրդարանում պատասխանելով պատգամավոր Ֆան դե Գրաաֆի՝ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև՝ դեպի Լեռնային Ղարաբաղ արգելափակված ճանապարհի (Լաչինի միջանցքի) վերաբերյալ հարցադրմանը՝ նշել է, որ դեկտեմբերի 14-ին ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ հարցը քննարկել են Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանի հետ:
«Հարցը Եվրոպական Խորհրդի օրակարգում չէ, բայց այն արժանացել է ԵՄ ուշադրությանը։ Ակնհայտորեն, Ֆրանսիան և մյուս երկրները հաստատակամորեն հանձնառու են Հայաստանի և Ադրբեջանի միջև այս հակամարտությանը բանակցությունների միջոցով կարգավորում գտնելու հարցում։ Դա անհրաժեշտ է հետագայում նոր սրացումը կանխելու համար։ Պրահայում 44 երկրների գագաթաժողովին, որին մասնակցել են նաև Հայաստանը և Ադրբեջանը, Ֆրանսիայի նախագահի կողմից նման փորձ է արվել: ԵՄ-ն իրականացնում է այն Խորհրդի նախագահ Շառլ Միշելի ղեկավարությամբ, ով բավականին ակտիվ դերակատարություն ունի այդ հարցում, և մենք աջակցում ենք ԵՄ միջնորդական ջանքերին»,- նշել է Մարկ Ռուտեն:
Վարչապետը համաձայնվել է պատգամավորի հետ, որ ստացվող հաղորդագրությունները շատ անհանգստացնող են, որովհետև մեծ թվով մարդիկ հայտնվել են փակուղում։
«Ուստի, մենք կշարունակենք այս հարցը պահել մեր քննարկումներում»,-ասել է նա: