Կառավարությունն առաջարկում է միջուկային և ճառագայթային վարչությունների տեխնիկական բաժնի համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին դարձնել քաղաքացիական աշխատանք կատարողներ։
Համապատասխան նախագիծը քննարկվեց կառավարության հերթական նիստին։
«Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետ կապված այս որոշումը կարևոր է նրանով, որ մենք նոր ատոմակայան կառուցելու խնդիր ենք դրել։ Այստեղ էլ վաղը, մյուս օրը բախվելու ենք մի իրավիճակի հետ, որ փողը կա, նախագիծը կա, բայց մենք չենք կարողանում իրագործել դա, որովհետև չունենք մասնագետներ։ Արդեն իսկ շատ ուշացել ենք այս ճանապարհին, բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք»,- ասաց վարչապետը։
Վարչապետը հիշեցրեց, որ կառավարությունը քննարկումների մեջ է, թե ինչ տիպի ատոմային էլեկտրակայան պետք է կառուցվի Հայաստանում։
Նա նշեց, որ մոդուլյար ատոմային էլեկտրակայաններում վթարի դեպքը համարվում է լոկալ միջադեպ։
«Եթե մոդուլյար ատոմային էլեկտրակայան է կառուցված, և նրա մոտակայքում կա բնակավայր, ու, երբ այդ էլեկտրակայանում տեղի է ունենում վթար, մոտակա բնակավայրի բնակչությունը չի տարհանվում, որովհետև այդ վթարը շրջակա միջավայրի համար վտանգ չի ներկայացնում և,ըստ էության, այս տեխնոլոգիայի առավելություններից մեկը հենց սա է։ Կարծում եմ, որ մեր հետագա քննարկումների ժամանակ թեմայի մանրամասներին տիրապետելու ենք, բայց, կարծում եմ, որ սա մի տեղեկատվություն է, որը կառավարությունը պետք է իմանա և Հայաստանի քաղաքացին պետք է իմանա։ Բոլոր դեպքերում, առավելևս, միջուկային էներգետիկայի պարագայում անվտանգությունը շատ կարևոր է»,- եզրափակեց վարչապետը։